‘ՀՀԿ-ի համար աշխատող դպրոցի տնօրենը հետ է վերցրել դատական հայցը’

4870

‘

Երեւանի թիվ 56 դպրոցի տնօրեն Սուսաննա Գալստյանը Tert.am-ի հետ զրույցում տեղեկացրել է, որ հետ է վերցնելու «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի դեմ դատական հայցը:
Հիշեցնենք, նախընտրական շրջանում ԻՔՄ կատարած հետաքննության արդյունքում պարզվել էր, որ հարցված 114 դպրոցի ու մանկապարտեզի տնօրեններ, այդ թվում՝ Սուսաննա Գալստյանը, ՀՀԿ-ի օգտին քարոզչություն են իրականացնում: Նրանցից ոմանք  ներկայացված ձայնագրություններում խոստովանում են, որ ցուցակագրում են ՀՀԿ-ի պոտենցիալ ընտրողներին՝ երեխաների ծնողներին կամ իրենց աշխատակիցներին, եւ ուղարկում են ցուցակները համայնքապետարաններ կամ մարզպետարաններ:
ԿԸՀ-ն եւ դատախազությունը տնօրենների արարքի մեջ հակաօրինական տարր չտեսան, ՀՀԿ ղեկավարությունը պաշտպանեց տնօրեններին՝ պնդելով, թե իբր նրանք քարոզչությունն իրականացրել են աշխատանքից դուրս, իսկ ընտրությունների ավարտից հետո տնօրեններից 30-ը դատական հայց ներկայացրեց «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության եւ նրա ղեկավար Դանիել Իոաննիսյանի: Նրանք պահանջում են ներողություն հայտնել եւ երկուական միլիոն դրամ`իրենց պատիվն ու արժանապատվությունն արատավորելու համար: 
Իոաննիսյանը վստահ է, որ իր դեմ հայցն ուղղորդված է ՀՀԿ ղեկավարության կողմից:

Երեւանի թիվ 56 դպրոցի տնօրենը նշել է, որ «ներում է» Դանիել Իոաննիսյանին՝ իր հետ զրույցի ձայնագրությունը հրապարակելու համար:
«Այն, ինչ տեղի ունեցավ, իսկապես մեծ հարված էր ինձ համար՝ առաջին հերթին որպես մանկավարժի: Նման երևույթները լրջորեն ստվերում են մանկավարժի, հայ կնոջ կերպարը: Ես ունեմ բազմաթիվ աշակերտներ, կոլեգաներ, ընկերներ ու բարեկամներ, և ինձ համար ուղղակի անթույլատրելի էր, որ իմ անունն ու համբավը ոտնահարվի: … մի խոսքով՝ ես ներում եմ այդ երիտասարդին և համարում եմ, որ ճիշտ կլինի այդ էջը պարզապես փակել», — ասել է ՀՀԿ-ական տնօրենը:
Տնօրենը թեեւ նշում է, որ անձամբ է որոշել հետ վերցնել դիմումը, սակայն նաեւ կոչ է անում մյուս տնօրեններին՝ «մտածել այս ուղղությամբ»:

‘

Նախորդ հոդվածը‘Financial Times. Պայքար «Մեծ քսանյակի» շարքերում’
Հաջորդ հոդվածը‘Կրակոցներ Թուլուզում. «ահաբեկչության վարկածը քիչ հավանական է»’