‘ՀՀԿ-ի ցուցակում ներգրավված անձանց ունեցվածքը վաղ թե ուշ` դառնալու է իրեղեն ապացույց. Մամուլ ‘

1237

iLur.am-ը արդեն անդրադարձել է Երևանի ավագանու ընտրություններին ՀՀԿ-ի ցուցակում ներգրավածներից Տարոն Մարգարյանի և Թոխմախի Մհերի գործազուրկ որդու ունեցվածքին: Այսօր՝ նույն թեմայով «Հայկական ժամանակը» «Պատմական թղթեր» վերնագրված խմբագրականում գրում է.

Երևանի ավագանու ընտրություններին ՀՀԿ-ի ներկայացրած ցուցակում ներգրավված անձանց ունեցվածքի և եկամուտների հայտարարագրերը, որ երեկ ԿԸՀ-ն տրամադրել է «ՀԺ»-ին, այնքան հետաքրքիր են, որ կարելի է օրերով ու ամիսներով հետազոտել: Հայտարարագրերի մեծ մասը, առանց չափազանցության, պետք է պատմական նշանակության փաստաթղթեր համարել: Դրանք վաղ թե ուշ` դառնալու են իրեղեն ապացույցներ: Օրինակ, գործարար պատգամավոր Մհեր Սեդրակյանի` Թոխմախի Մհերի 29-ամյա գործազուրկ որդին` Դավիթ Սեդրակյանը, հայտարարագրի մեջ նախատեսված տողերով չի կարողացել սահմանափակվել` գրանցելով 12 միավոր անշարժ գույք: Միայն շինությունների ընդհանուր մակերեսը կազմում է մոտ 5000 քմ: Սեդրակյան կրտսերի դրամական միջոցները հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ կազմել է 200 միլիոն դրամ: Տիպիկ հայ երիտասարդ գործազուրկի օրինակ` տաղանդավոր, կրթված… բայց գործազուրկ ու միլիոնատեր: Իսկ եթե նա երկար փնտրտուքից հետո վերջապես աշխատանք գտներ, ապա նրա հայտարարագիրը կնմանվեր նույն ցուցակում ներգրավված «Լուսաստղ Շուգր» ընկերության (Ախուրյանի շաքարի գործարան) փոխտնօրեն Արթուր Պետրոսյանի ներկայացրածին: Լայն հանրությանն անհայտ սույն անձի անշարժ գույքի ցանկը ընդգրկված է մեկ ամբողջ տպագիր էջում` 34 տողում: Այսինքն` նա ունի 34 միավոր անշարժ գույք, որից 7-ը` միայն Հյուսիսային պողոտայում, 4-ը` Սաֆարյան փողոցում, ևս մի քանիսը՝ Բագրատունյաց և այլ փողոցներում: Նրա հայտարարագրած բնակարանների, ավտոտնակների, շենք շինությունների ընղհանուր մակերեսը կազմում է 40 հազար 149 քմ: Սույն անձի հայտարարագրած հողամասերը միասին կազմում են ավելի քան 155 հա: «Եվ գիտե՞ք, թե ինչպես է նա վաստակել այս ունեցվածքը: Շատ պարզ՝ «Լուսաստղ Շուգրի» փոխտնօրենի պաշտոնում իր ստացած ամսական 96 հազար դրամ աշխատավարձով: Դե իհարկե, լկտի հերյուրանքներ են, թե Արթուր Պետրոսյանի հայտարարագրած գույքը իրականում պատկանում է այդ նույն «Լուսաստղ շուգարի» սեփականատիրոջը` Սամվել Ալեքսանյանին (Լֆիկ Սամո): Հերյուրանք է, քանի որ «Լուսաստղ Շուգրն» էլ, ինչպես ասում է Սամվել Ալեքսանյանը, իրեն չի պատկանում: Կարելի է ենթադրել, որ եթե «Լուսաստղ Շուգրի» փոխտնօրենին տալիս են 96 հազար դրամ աշխատավարձ, ապա բանվորները ստանում են 10 հազար դրամ աշխատավարձ ու ոչ մի ստվեր այդ ընկերությունում չկա: Միայն թե 2011 և 2012 թվականների ընթացքում գրեթե նույն ծավալի (50 հազար տոննա) շաքարավազ արտադրելով, այդ ընկերությունը 2012 թվականին 20 անգամ ավելի քիչ հարկ է վճարել, քան 2011­ին: Ի՞նչ ստվեր, ի՞նչ բան: Սերժ Սարգսյանն էլ հո գիտի, որ ասում է «նրանց մոտ փաստաթղթերով ամեն ինչ կարգին է»: Հավատում ենք մի ուրիշ կարգի»,- գրել է թերթը:

Նախորդ հոդվածը‘Վահագն Խաչատրյանը համաձայն է բանավիճել Տարոն Մարգարյանի հետ (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Տարոն Մարգարյանի տապալված հանդիպումը և ուրախ մանկավարժները. Մամուլ ‘