‘ՀՀԿ խմբակցության ղեկավարը հերքում է Հովիկ Աբրահամյանին ‘

2276

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը այսօր լրագրողների հետ հանդիպմանը մի քանի հայտարարություններ է արել, որոնցով հերքել է Հովիկ Աբրահամյանի՝ նախօրեին արված հայտարարությունները:

Հիշեցնենք, որ Աբրահամյանը ասել էր, որ Սերժ Սրագսյան-Վլադիմիր Պուտին հանդիպման պայմանավորվածություն է եղել, սակայն, հանդիպումը տեղի չի ունեցել: «Պայմանավորվածություն եղել էր, հուլիսի 3-ին պետք է հանդիպեին նախագահները, բայց հանդիպումը չի լինելու»,- բառացիորեն ասել էր նա:  

Այս կապակցությամբ Բաղդասարյանը հայտարարել է. «Հանդիպման օր հստակ չի եղել նշանակված: Կարծում եմ՝ ամռան ընթացքում այդ հանդիպումն անպայման տեղի կունենա»:

Հիմա թե ով է այս երկուսից ճիշտ խոսում, կպարզի դիահերձումը: Սակայն, առավել հավանական է, որ ճիշտը պատահաբար «դուրս է սպրդել» հենց Հովիկ Աբրահամյանը, իսկ Վահրամ Բաղդասարյանն ընդամենը փորձել է «փրկել իրավիճակը»:

Մյուս կարեւոր հանգամանքը:

Աբրահամյանը ՄՄ-ին Հայաստանի անդամակցության ուշացման մասին ասել էր. «Պատճառները դեռ հայտնի չեն, բայց որևէ խնդիր չունենք, մենք մեր բոլոր պարտավորությունները կատարել ենք»:

Բաղդասարյանը այստեղ էլ, ըստ էության, հերքել է Աբրահամյանին՝ հայտարարելով, թե. «Այո, մենք ունեինք տեխնիկական հարցեր, եւ այդ խնդիրը մեր ժամկետներում չեն տեղավորվել, հիմա դրանք վերացվել են, եւ նախնական պայմանագիրն արդեն իսկ պատրաստված է, որը ուղարկվել է Եվրասիական միության անդամ երեք երկրներին, որոնք իրենց կարծիքները հայտնելուց հետո այդ գործընթացը կշարունակվի: Բայց ես, որպես ՀՀԿ ֆրակցիայի ղեկավար, կարող եմ հայտարարել, որ որեւէ նախապայմաններ մենք չենք ընդունելու, հավասարը հավասարի ձեւով մենք անդամակցելու ենք ԵՏՄ-ին, եւ խանգարող հանգամանքներ չկան»:   

Ինչ ծանր կացության մեջ է ընկել բայց իշխանությունը: Աջ ձեռքը չգիտե, թե ինչ է «հայտարարում» ձախը, բոլորը հակասում են բոլորին, բոլորը բոլորին հերքում են, իսկ այդ ընթացքում Սերժ Սարգսյանը մեկնում է Լատինական Ամերիկա:

 

Նախորդ հոդվածը‘Երևանում երթուղայինների բախման հետևանքով տուժել է մեկ մարդ’
Հաջորդ հոդվածը‘Իրավապաշտպանների հետ քննարկվել է ցմահ ազատազրկման դատապարտվածների հարցը’