‘ՀՀԿ ղեկավարը նահանջի տեղ չի թողել ինքն իրեն ‘

1585

Եվ այսպես, Արարատում, նախնական տվյալներով, «հաղթել» է ՀՀԿ-ի ներկայացրած թեկնածուն։ Այսինքն, ոչ մի արտառոց բան տեղի չի ունեցել. «նորմալ» կեղծված ընտրություններ էին։

Իշխանությունը կենտրոնացրել էր պետական բոլոր ռեսուրսները և կենաց–մահու կռիվ էր տալիս տոկոս «խփելու» համար։

Քաղաքական ուժերից միայն ՀԱԿ-ն էր հայտարարել ԲՀԿ-ին սատարելու մասին։ ԱԺ-ում ներկայացված մյուս ուժերն ուղղակի կամ անուղղակի ձևով ծառայում էին ՀՀԿ-ին։

Սերժ Սարգսյանի անմիջական հանձնարարությամբ կիրառվել են կեղծիքների մեզ հայտնի բոլոր մեթոդները։ Ճիշտ է, Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ ներգրավված «պուտանկեքը» չկային (համենայնդեպս, ես չտեսա), բայց մարդկանց համատարած «լցոնումը» խայտառակ պատկեր էր ապահովել։

Արարատի կողքի գյուղերից ահագին զանգվածներ բերել գրանցել էին ու կալանավորների պես շարք կանգնեցրել՝ ընտրատեղամասերի դիմաց քվեարկել տալու նպատակով։ Բնականաբար, տոտալ ընտրակաշառք է բաժանվել։

Ու չնայած այս պայմաններին՝ ՀՀԿ-ին մի կերպ հաջողվեց տոկոս «խփել». ԲՀԿ թեկնածուն, ԿԸՀ-ի նախնական տվյալներով, զիջում է Սերժի թիմակցին ընդամենը 330 ձայնով։ Մոտ 200 քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել։

ԿԸՀ տվյալներով՝ համայնքային նշանակության «ընտրություններին» մասնակցել է մոտավորապես այնքան մարդ, որքան 2012թ. խորհրդարանական և 2013թ. նախագահական ընտրությունների ժամանակ։ Կարող եք արդեն պատկերացնել, թե ինչ կարգի մարդկային «լցոնումների» հետ գործ ունենք։

Մի խոսքով, Սերժ Սարգսյանը պլան էր դրել ամեն գնով կեղծել ընտրություններն ու անցկացնել ՀՀԿ-ի «պոլի փեդին», և այդ պլանը կատարվեց։

Կուզենայի առանձնահատուկ ընդգծել, որ ընտրակեղծիքների մասին գրում եմ ոչ թե որպես բողոք, այլ պարզապես իրավիճակն եմ ներկայացնում ընթերցողներին ականատեսի աչքերով։ Բողոքի մասին խոսք անգամ չի կարող լինել, քանզի բռնապետության և էժանագին «մուտիլովչիկների» դեմ չեն բողոքում։ Բռնապետությունը պարզապես տապալում են։ Կլինի դա փայտերով կամ այլ մեթոդներով, արդեն ուրիշ խոսակցություն է։

Ներքին ու արտաքին քաղաքական ոլորտներում խայտառակ արդյունքներ ապահոված և միայն հայ ժողովրդի դեմ հաղթանակներ տարած Սերժ Սարգսյանի արարատյան գլխավոր մեսիջն այն է, որ ինքը չի հեռանալու հանգիստ տարբերակով։ Լևոն Տեր-Պետրոսյանն այդ առումով շատ լավատես է, երբ հայտարարում է Սերժին երաշխիքներ տալու միջոցով նրան նահանջի տեղ թողնելու մասին։

Հասկանալի է, որ ՀԱԿ առաջնորդի մոտեցումը պետական մտածողության արդյունք է, սակայն Սերժի պարագայում մենք գործ ունենք պետական օրգանիզմը քայքայող բացիլի հետ։ Այնպես որ, Սերժը դեռ կհասցնի ափսոսալ, որ չի լսել ՀՀ առաջին նախագահի խորհուրդն, ու կամովին չի հեռացել։

ՀՀԿ ղեկավարը նահանջի տեղ չի թողել ինքն իրեն։ Նա մահապարտ է։ Աթոռի մահապարտ։

Սերժը կհեռանա միայն «չորով»: Կամ էլ կմնա իշխանության ղեկին՝ «չորով» Հայաստանը հեռացնելով աշխարհի քաղաքական քարտեզի վրայից։ 3-րդ տարբերակ չկա։

Սերժ Սարգսյանը հեղափոխության գլխավոր պատվիրատուն է։ Այդ հեղափոխությունը կլինի դաժան, թե հնարավորինս մեղմ, կրկին կախված է իրենից։ Բայց արդեն կասկած չկա, որ կամ-կամ տարբերակով է հանգուցալուծվելու հայաստանյան ճգնաժամը։ Ընդ որում՝ որքան ուշանա այդ հանգուցալուծումը, այնքան դաժան տեսք է այն ստանալու։

Սևակ Մինասյան

Հ.Գ. Արարատի «ընտրությունները» ցույց տվեցին, որ այդ քաղաքում մոտ 5000 հեղափոխական կա։ Եթե հաշվի առնենք ընտրողների իրական թիվը, ապա Արարատում բնակվողների ճնշող մեծամասնությունը հեղափոխական տրամադրությունների կրող է։ Նույն պատկերն, անկասկած, ամբողջ Հայաստանում է։ Հեղափոխության պատվիրատուն, այսինքն, կա։ Պետք է բավարարել այդ պատվերը։

www.7or.am  

  

Նախորդ հոդվածը‘«Կուտակային կենսաթոշակի մասին» օրենքը հակասում է Սահմանադրությանը». Հայտարարություն’
Հաջորդ հոդվածը‘ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացումը’