‘ՀՀԿ ղեկավարության հերթական երկակի խաղը’

1782

Սեպտեմբերի 5-ին կայացած Եվրոպական ժողովրդական կուսակցության ժողովին մասնակցել են ՀՀԿ փոխնախագահ Ա. Աշոտյանը ու ՀՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական Ա. Զաքարյանը:

Ժողովի արդյունքներից պարզ դարձավ, որ նրանք գնացել էին Բրյուսել՝ ներկայացնելու այն «ահասարսուռ ճնշումները», որոնք, իբրեւ  թե, գործադրել է Մոսկվան Սերժ Սարգսյանի վրա՝ Մաքսային միությանը անդամակցելու նպատակով: Եթե Երեւանում Է. Շարմազանովն ու Վ. Սարգսյանը վստահեցնում են բոլորին, որ ճնշումներ չեն եղել, եւ Մաքսային միության անդամակցելը Հայաստանի ինքնուրույն որոշումն էր, ապա Եվրոպայում պատկերը այլ է՝ ՀՀԿ պատվիրակները հավատացրել են եվրոպացիներին, որ հենց ճնշումների ներքո է Ս. Սարգսյանը նման որոշում կայացրել: Արդյունքում՝ ԵԺԿ ընդունում է բանաձև, ուր նշված է հետևյալը. «Ռուսաստանը սպառնում է Հայաստանի ազգային շահերին, ինչը ստիպեց Հայաստանին մտնել Մաքսային միություն»: ԵԺԿ-ն նաեւ «դատապարտել է Ռուսաստանի ճնշումը Հայաստանի վրա»: 

Ս. Սարգսյան-Պուտին հանդիպմանը որեւէ եվրոպացի չի մասնակցել, հետևաբար՝ ԵԺԿ-ի նման լուրջ կառույցում, առանց համապատասխան տեղեկությունների, չէին մտնի սպեկուլյացիաների դաշտ: ԵԺԿ նշյալ հայտարարությունները չէին լինի այն պարագայում, եթե ԵԺԿ հայաստանյան պատվիրակության անդամները պարզորոշ հայտարարեին, որ որեւէ ճնշում Հայաստանի վրա չի եղել: Պարզ է, որ եթե Հայաստանը ասում է, որ իր վրա ճնշում չի եղել, եվրոպացիները կհարգեին առաջին ձեռքից ստացված տեղեկությունները եւ անիմաստ հարձակումներ չէին գործի Ռուսաստանի վրա: Հետեւաբար՝ կարելի է պնդել, որ ՀՀԿ ղեկավարությունը, ի դեմս Սերժ Սարգսյանի, հերթական անգամ երկակի խաղ է խաղում հիմնական գործընկերների հետ:

Վստահաբար կարելի է պնդել, որ Ռուսաստանը չէր կարող չնկատել ՀՀԿ չինովնիկների նենգ խաղերը, որոնք եվրոպաներում անում են հնարավորը՝ իրենց ռազմավարական գործընկերոջը վարկաբեկելու համար:  Խնդիրն այն է, որ արդյունքում տուժում են ոչ թե եվրոպաներում Ռուսաստանի դեմ հանդես եկող ՀՀԿ-ականները, այլ Հայաստանը:

Մկրտիչ Սարգսյան

 

Նախորդ հոդվածը‘Նալբանդյանը հանդիպել է Լիտվայի ԱԳ նախարարին’
Հաջորդ հոդվածը‘Ազատություն քաղբանտարկյալներին. Բողոքի ակցիա՝ սեպտեմբերի 10-ին’