‘ՀՀԿ-ն Գործադիր մարմնի նիստ է հրավիրել’

1385

Այսօր` մարտի 7-ին, երեկոյան ժամը 20.00-ին կկայանա ՀՀԿ գործադիր մարմնի նիստ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀԿ կազմակերպչական գծով փոխնախագահ Ռուբեն Թադեւոսյանը:

Նա նշեց, որ օրակարգում ընդգրկված են ընթացիկ հարցեր, այդ թվում` Երեւանի ավագանու ընտրությունների հարցը: Չի բացառվում, որ հայտնի դառնան ՀՀԿ համամասնական ցուցակի մյուս համարները:

Հարցին, թե Վանաձորի քաղաքապետի հարցը քննարկվելո՞ւ է ՀՀԿ նիստին, թե` ոչ, Ռուբեն Թադեւոսյանը պատասխանեց. «Իհարկե ոչ, մենք ժողովրդական բանահյուսության շարքի վերլուծություններին չենք անդրադառնում», ապա հավելեց, որ նման հարց չի քննարկել եւ օրակարգում էլ չկա:

Նշենք, որ ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը հայտարարել էր, թե Հայաստանի հանրապետական կուսակցության գործադիր մարմինն իր առաջիկա նիստում քննարկելու է Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանի վարքը, սակայն այն չէր քննարկվել նախորդ նիստին:

Հիշեցնենք, որ  Վանաձորի քաղաքապետը, մեկնաբանելով Վանաձորում ընդդիմության թեկնածուի հաղթանակը, նշել էր, թե Րաֆֆի Հովհաննիսյանին ընտրել են Վանաձորի անգիտակից բնակիչները: Քաղաքապետի հայտարարությունը բուռն աձագանք էր ստացել, եւ, ըստ շրջանառվող լուրերի, նա հրաժարականի դիմում է ներկայացրել:

Նախորդ հոդվածը‘Նոր հանցադրվագներ՝ ձերբակալվածների գործունեությունից’
Հաջորդ հոդվածը‘ԲՀԿ-ին ոչինչ չի խանգարում հանդիպել ՀԱԿ-ի հետ’