‘
Իշխող Հանրապետական կուսակցությունը որոշել է թիվ 38 ընտրատարածքում առաջադրել Կապանի նախկին քաղաքապետ, Սյունիքի մարզային կառույցի խորհրդի անդամ Արմեն Կարապետյանի թեկնածությունը: Տեղեկացնում է «Ազատություն» ռ/կ-ն:
Այդ մասին կուսակցության կենտրոնական գրասենյակում այսօր երեկոյան հրավիրված Գերագույն մարմնի նիստից հետո անցկացված ճեպազրույցում հայտարարեց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Հիշեցնենք, որ օգոստոսի 7-ին Կապանում կայացել էր ՀՀԿ մարզային խորհրդի նիստը, որը վարել էր կուսակցության մարզային խորհրդի նախագահ, Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը՝ Լիսկան: Վերջինս ասել էր, թե խորհուրդը միաձայն որոշում է կայացրել թիվ 38 ընտրատարածքում պատգամավորի թեկնածու առաջադրել ՀՀԿ-ական, Կապանի նախկին քաղաքապետ Արմեն Կարապետյանին: ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը, սակայն, ի պատասխան ասել էր, թե դեռ վերջնական որոշում չկա այդ հարցում:
‘