‘ՀՀԿ-ն կգնա՞ Մարտի 1-ի հարցով նոր հանձնաժողովի ստեղծմանը. հրապարակային երաշխիքն արդեն կա ‘

940

Այսօր՝ դեկտեմբերի 3-ին, գումարվել է աշնանային նստաշրջանի վերջին քառօրյան: Ներկա է 108 պատգամավոր: ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը դիմեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին՝ ասելով. «Ուրբաթը օրը խմբակցության անունից նամակով դիմել էինք Մարտի մեկի հանձնաժողովը արտահերթ նախագիծ համարելու խնդրանքով: Այսօր կայացել է պետաիրավական  հանձնաժողովի նիստը, որն անդրադարձել է այդ հարցին: Նիստի ժամանակ մեծամասնության անունից պետաիրավական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական Դավիթ Հարությունյանը հավաստիացումներ է տվել առ այն, որ նախագահական ընտրություններից հետո այդ հանձնաժողովը կստեղծվի: Ըստ էության՝ հանձնաժողով ստեղծելու մասին որոշումը կա, այսինքն՝ մեծամասնությունը դրան հավանություն տալիս է, այդ պատճառով մենք դիմում ենք Ձեզ, արդյոք Դուք կարո՞ղ եք մեծամասնության անունից հաստատել հանձնաժողովի ստեղծման մասին որոշմանը հավանություն տալու խոստումը, քանի որ դրանից են կախված լինելու հետագա մեր քայլերը»: 
Ի պատասխան Լևոն Զուրբյանի՝ ՀՀԿ-ական Դավիթ Հարությունյանը մեկ անգամ ևս կրկնեց այն առաջարկությունը, որն արվել էր խորհրդարանական մեծամասնության անունից:
Ըստ այդմ՝ մեծամասնությունն իբր առաջարկել է, որպեսզի հիմնավորումները լինեն, ըստ նրանց` չեզոք և չպարունակեն քաղաքական և իրավական գնահատականներ:
«Երկրորդ առաջարկը վերաբերել է հանձնաժողովի ձևավորմանը, առաջարկել ենք, որպեսզի մեծամասնությունը ունենա 50% ձայնի իրավունք: Երրորդ առաջարկը բովանդակային դրույթների մասին է, որոնք խմբագրական բնույթի էին: Չորրորդով առաջարկել էինք, որ եթե նախագծի հեղինակները հետաձգեն այն մինչև մեկ տարի ժամկետով և առաջ քաշեն նախագահական ընտրություններից հետո, ապա խորհրդարանական մեծամասնությունը նշված պայմանների հաշվարկով կողմ կքվեարկի նախագծին»,-ամփոփեց Դավիթ Հարությունյանը: 
Հովիկ Աբրահամյանն էլ իր հերթին ասաց, որ տեղյակ է պայմանավորվածությունների մասին:
«Եթե պահպանվեն պայմանավորվածությունները, ապա հարցը լուծում կստանա»,- ասաց Աբրահամյանը: Լևոն Զուրաբյանն էլ հավելեց, որ այսպիսով՝ իշխանության կողմից հնչեց հստակ խոստում՝ նախագահական ընտրություններից անմիջապես հետո Մարտի մեկի հանձնաժողով ստեղծվելու  վերաբերյալ: 
«Մենք, իհարկե, այս հարցով մեծամասնությանը վստահելու լուրջ հիմքեր չունենք, բայց քանի որ ողջ հասարակության առաջ հնչել է նման հայտարարություն, ապա մեր դիրքորոշումը լինելու է հետևյալը. մենք սա ընկալում ենք որպես մեծամասնության կողմից հրապարակային պարզ երաշխիք, եթե մեծամասնության կողմից որևէ հայտարարություն լինի, և որևէ կերպ արժեզրկվի այս երաշխիքի բովանդակությունը , ապա մենք նորից անմիջապես կդիմենք հանձնաժողովը արտահերթ ճանաչելու պահանջով»,-եզրափակեց Լևոն Զուրաբյանը:

Նախորդ հոդվածը‘«Վրացական երազանք». Սաակաշվիլին անձեռնմխելիության երաշխիքներ չունի’
Հաջորդ հոդվածը‘Արսեն Վենգերը կարող է գլխավորել ֆրանսիական ՊՍԺ-ն’