‘
ՀՀԿ-ն «մտահոգված է» էլեկտրաէներգիայի թնկացման հեռանկարով, սակայն թանկացման դեմ առաջիկա բողոքի ակցիաներին չի միանա, լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը:
«Հոսանքի սակագնի թանկացումը ոչ միայն կբերի սպառման ծավալների նվազման, այլեւ բացասական ազդեցություն կունենա տնտեսական ակտիվության վրա, ինչը մտահոգում է բոլորիս»,- ասաց պատգամավորը: Հանրապետականի խոսքով, ՀԷՑ-ի հայցը սակագնի բարձրացման հիմք չէ, Հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովն է որոշում թանկացման նպատակահարմարությունը:
Գագիկ Մելիքյանը նշեց, որ ՀԷՑ-ում անարդյունավետ կառավարում է իրականացվում, «բայց դա թալան չէ»:
Հիշեցնենք, որ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը օրերս հայտարարել է, որ հոսանքի թանկացման պատճառներից մեկը ՀԷՑ-ում տեղի ունեցող չարաշահումներն են:
ԲՀԿ խմբակցությունից պատգամավոր Միքայել Մելքումյանը, անդրադառնալով էլեկտրաէներգիայի հնարավոր թանկացման խնդրին, նշեց, որ թանկացումն օբյեկտիվ հիմքեր ունի՝ Ատոմակայանի ժամանակավոր կանգը եւ կլիմայական պայմաններով պայմանավորված՝ ՀԷԿ-երի արտադրանքի նվազումը: Մելքումյանի համոզմամբ՝ եթե ՀԷՑ-ի վնասները չփոխհատուցեն, այն կսնանկանա:
‘