‘
ՀՀԿ խմբակցությունը չի հավատում, որ կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանի նախաձեռնած սահմանադրական փոփոխությունները իրականություն կդառնան: ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ այսօր խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, խոսելով ընդդիմության պհանջած իշխանափոխության մասին, խորհուրդ տվեց սպասել մինչեւ հերթական՝ 2017-ի խորհրդարանական եւ 2018-ի նախագահական ընտրությունները:
«Կա 17 թվական, 18 թվական, եթե ԱԺ ընտրությունների ժամանակ մեծամասնություն հավաքեն կամ կարողանան կազմել կոալիցիա, բնականաբար, իշխանությունը կպատկանի իրենց: Որից հետո կա նախագահական ընտրություններ, եւ այդ ամեն ինչը սահմանադրորեն հստակ ամրագրված է: Մի շտապեք, համբերեք 17-18 թվականներին», — ասաց Բաղդասարյանը:
iLur.am-ը հիշեցրեց, որ, ըստ Սերժ Սարգսյանի նախաձեռնած սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի, սահմանափակ լիազորություններ ունեցող նախագահին ընտրելու է Ազգային Ժողովը: «Դուք խորհուրդ եք տալիս սպասել նախագահի հերթական ընտրություններին: Այսինքն, Դուք չե՞ք հավատում, որ սահմանադրական բարեփոխումները կիրականանան», — հարցրեցինք ՀՀԿ-ականին:
«Հա, բայց նորից ընտրություն է լինելու, չէ՞: Կարող է մոդելը փոխվել, արդեն ընդհանուր քվեարկություն չի լինի, ԱԺ-ում կընտրեն: Մենք մոդելի փոփոխության մասին ենք խոսում, ո՞վ է ասում, որ նախագահի ինստիտուտը պետք է վերանա», — պատասխանեց Վահրամ Բաղդասարյանը:
Անցած քառօրյանի ժամանակ Վահրամ Բաղդասարյանն իր ելույթներից մեկում իր ընդդիմախոսներին, ըստ էության, մեղադրեց պետական դավաճանության մեջ՝ հայտարարելով, որ «որոշ պատգամավորների ելույթներից Ալիեւի նավթադոլարների հոտ է գալիս»:
ԱԺ ճեպազրույցի ժամանակ Բաղդասարյանին հարցրեցինք նաեւ՝ հատկապես ո՞ր պատգամավորի վրայից է նավթադոլարի հոտ գալիս:
-Ես անուններ չեմ տա, ընդհանուր մթնոլորտն էր դա տրամադրում, եւ ես մտորում էի էդ առիթով:
—Ո՞վ է ստեղծում այդ մթնոլորտը:
-Ընդհանուր մթնոլորտը դա ելույթներն էին եւ մոտեցումները: Ես ասել եմ, բոլոր այս ելույթները, եթե դուք հետեւեք ադրբեջանական մամուլին, այնտեղ անմիջապես մանրակրկիտ, մանրամասն արտացոլվում է (նկատի ունի Սերժ Սարգսյանի հասցեին հնչած քննադատությունը-խմբ): Եվ ես չեմ ուզում, որ իմ պետության վցրա ցեխ շպրտվի, եւ այդ ցեխն անընդհատ շրջանառության մեջ մտնի ադրբեջանական մամուլում եւ հեռուստատեսությամբ:
-Եթե ադրբեջանական մամուլում ասվում է, որ արեւը դուրս է գալիս արեւելքից, եւ ես էլ կրկնում եմ դա, ուրեմն, իմ վրայից նավթադոլարի հո՞տ է գալիս:
-Դե, եթե դուք այդպես եք հասկացել, ուրեմն, թող ձեր հասկացողությունն այդպիսին էլ մնա:
-Ո՞ր պատգամավորին էր ուղղված Ձեր մեղադրանքը: Ես ուզում եմ ինամալ՝ ովքեր են ԱԺ-ում Ադրբեջանի գործակալները:
-Եթե դուք դրա կարիքն ունեք, մոտեցեք, բոլորի հետ խոսեք:
-Բայց Դո՛ւք եք հնչեցրել այդ տեսակետը:
Ես ասում եմ՝ կարող եք:
Դա անպատասխանատու հայտարարությո՞ւն էր:
Թողեք, դրա մասին ես մտածեմ:
‘