‘ՀՀ ԱԳՆ-ն խստորեն դատապարտում է ԼՂ ՊԲ ուղղաթիռի խոցումը Ադրբեջանի կողմից’

1176

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել երեկ Ադրբեջանի կողմից ԼՂՀ ՌՕՈւ ՄԻ-24 ուղղաթիռի կործանման կապակցությամբ, որտեղ խստորեն դատապարտում է ուսումնավարժական թռիչք իրականացնող Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի МИ-24 ուղղաթիռի խոցումը ադրբեջանական զինված ուժերի կողմից՝ նշելով, որ հիմնախնդրի կարգավորմանն ուղղված յուրաքանչյուր բարձր մակարդակի հանդիպումից առաջ և հետո Բաքուն նորանոր սադրանքների է գնում` խափանելու համար բանակցային գործընթացը, Հայաստանի և միջազգային հանրության ջանքերն՝ ուղղված հակամարտության բացառապես խաղաղ հանգուցալուծմանը։

«Ադրբեջանական կողմը կոպտորեն ոտնահարում է վերջին գագաթաժողովներին հիմնախնդրի խաղաղ կարգավորման վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունները։

Նման հանցավոր սադրանքը ցույց է տալիս, որ Բաքուն ոչ միայն արհամարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների, միջազգային հանրության կոչերն ուժի չկիրառման, հրադադարի ամրապնդման, վստահության միջոցների իրականացման մասին, այլև գործում է հակառակ դրանց՝ կրելով իրավիճակի սրման ողջ պատասխանատվությունը»,-նշվում է ՀՀ արտգործնախարարության հայտարարության մեջ:

Նախորդ հոդվածը‘ՊՆ-ն պաշտոնապես հաստատեց խոցված ուղղաթիռի անձնակազմի անդամների անունները’
Հաջորդ հոդվածը‘754 միլիոն դրամ՝ պաշտոնյաների համար բնակարաններ գնելու նպատակով. «Ժողովուրդ»’