‘ՀՀ ԱԳՆ-ն վերջապես արձագանքեց եզդիների պահանջին’

917

Իրաքի մի շարք շրջաններում իրավիճակը շարունակում է խիստ լարված մնալ։ Ծայրահեղականների գործողությունների հետևանքով բազմաթիվ զոհեր կան, հազարավոր մարդիկ տեղահանվել են իրենց բնակավայրերից, շարունակվում են ոտնձգությունները քաղաքացիական բնակչության` հատկապես ազգային և կրոնական փոքրամասնությունների դեմ։ Այդ մասին հայտարարել է Հայաստանի ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանը` ԱրմԻնֆո-ի թղթակցի խնդրանքով մեկնաբանելով Իրաքում վերջին շրջանում ծավալվող իրադարձությունները։

«Խիստ մտահոգություն է առաջացնում ծայրահեղականների կողմից Իրաքի եզդիների նկատմամբ իրականացվող բռնությունները։ Կիսում ենք Հայաստանում ապրող եզդիների վրդովմունքը տեղի ունեցող ողբերգական զարգացումների կապակցությամբ։ Մենք համերաշխ ենք միջազգային հանրության հետ Իրաքում ծայրահեղականների բռնություններն անհապաղ դադարեցնելու անհրաժեշտության հարցում։ ՄԱԿ-ում, միջազգային այլ կազմակերպություններում ՀՀ ներկայացուցչություններին տրվել են համապատասխան հանձնարարականներ՝ այս նպատակով սերտորեն համագործակցել բոլոր շահագրգիռ կողմերի հետ», — հայտարարել է Բալայանը։

Նշենք, որ երեկ Հայաստանի եզդիների «Սինջար» կազմակերպության և եզդի համայնքի մի շարք ներկայացուցիչներ Կառավարության շենքի դիմաց բողոքի ցույց էին կազմակերպել՝  ՀՀ իշխանություններից պահանջելով ՄԱԿ-ում և միջազգային այլ ատյաններում բարձրացնել Իրաքում ազգային փոքրամասնությունների, այդ թվում՝ եզդիների դեմ բռնությունը կանխելու հարցը:

Երել երեկոյան հայտարարություն տարածեց նաև Հայ Ազգային Կոնգրեսը, որտեղ աջակցել էր եզդի համայնքի արդարացի բողոքին և պահանջել էր Հայաստանի իշխանություններից` գործուն քայլեր ձեռնարկել Իրաքում եզդիների և քրդերի ցեղասպանությունը կանխելու և նրանց անվտանգությունն ապահովելու նպատակով անմիջապես, որպես ՄԱԿ անդամ պետություն, խնդիրը բարձրացնել ՄԱԿ-ի  Անվտանգության խորհրդում, ինչպես նաև եռանդուն ջանքեր գործադրել ՄԱԿ-ի և նրա Անվտանգության խորհրդի անդամ երկրների լայն աջակցությունն ապահովելու համար։ 

Նախորդ հոդվածը‘Զուրաբյան. Սեյրան Օհանյանի հետ զրույցի արդյունքում հստակեցվել են սահման մեկնելու հետ կապված դետալները’
Հաջորդ հոդվածը‘Աղբ քաղաքապետարանի «փոստարկղում». Առավոտ (ֆոտո)’