‘ՀՀ ԱԳՆ-ն փոխել է Ֆրանսիայի կառավարության կազմը ‘

1165

Ինչպես երևում է` հարցը, թե ով է Սերժ Սարգսյանին Ֆրանսիա կատարած այցի ժամանակ դիմավորել Փարիզի Օռլի օդանավակայանում, իշխանությունները խիստ ծանր են տարել: Այնքան ծանր, որ այժմ փորձում են բոլոր հնարավոր միջոցներով տպավորություն ստեղծել, թե իրականում որևէ արտառոց բան դիմավորման հարցում տեղի չի ունեցել: Սկսել էին նրանից, թե Ֆրանսիայի նախագահը նույնիսկ Օբամային գուցե չդիմավորի օդանավակայանում, էլ ո՞ւր մնաց Սարգսյանին դիմավորեր, և վերջացրել նրանով, որ փոխել էին Սերժ Սարգսյանին Օռլի օդանավակայանում դիմավորած պաշտոնյայի պաշտոնը: Այո, ՀՀ ԱԳՆ-ն, դե ֆակտո, երեկ մի աստիճանով բարձրացրեց մեկ այլ երկրի ԱԳՆ համակարգում աշխատող չինովնիկի պաշտոնը, ինչը, մեղմ ասած, սկանդալային իրադարձություն կարելի է անվանել, քանի որ տեղի է ունեցել ոչ թե շփոթմունք, այլ միտումնավոր խեղաթյուրում: Մասնավորապես, «Առավոտ» թերթում լույս տեսած հրապարակման մեջ  թերթի խնդրանքով ՀՀ ԱԳՆ-ից այսկերպ էին մեկնաբանել այն հարցը, թե վերջին 5 այցերի ընթացքում ֆրանսիացի ո՞ր պաշտոնյաներն են դիմավորել Հայաստանի ղեկավարներին  օդանավակայանում։ «Պատկերը հետևյալն է՝ 2001 թվականին Ռոբերտ Քոչարյանի պետական այցի ժամանակ նրան օդանավակայանում դիմավորում էր պետական վարչակազմի և բարեփոխումների նախարար Միշել Սապենը, 2007 թվականին՝ երկրորդ նախագահի պաշտոնական այցի ժամանակ՝ բնապահպանության նախարար Նելլի Օլանը։ Սերժ Սարգսյանը պաշտոնական այցով Ֆրանսիա այցելում է երրորդ անգամ։ 2010 թվականին նրան օդանավակայանում դիմավորում էր Ֆրանսիայի տնտեսական վերելքի նախարար Պատրիկ Դևեջյանը, 2011 թվականին՝ համագործակցության հարցերով նախարար Անրի դը Ռենկուրը։ Վերջապես, երեկ ավարտված այցի ժամանակ Սերժ Սարգսյանին դիմավորում է արտերկրում ֆրանսիացիների հարցերով նախարար Էլեն Կոնվեյը»,– եզրափակում է թերթը:

Նախ նշենք, որ մենք չէինք գրել, որ Սարգսյանին օդանավակայանում պետք է դիմավորեր նախագահ Ֆրանսուա Օլանդը: Սարգսյանի դեպքում, թերևս, դա առավել քան շատ կլիներ: Սակայն գոնե կարող էին որևէ նախարարի ուղարկել: և հենց այստեղ է, որ մեր իշխանությունները ստել են: Նախորդ հանդիպումների ժամանակ, այո, Սարգսյանին դիմավորել են նախարարներ: Այս անգամ, սակայն, ոչ թե նույնիսկ նախարար է նրան դիմավորել, այլ Ֆրանսիայի ԱԳ  արտերկրում ֆրանսիացիների հարցերով–դելեգատ նախարար Էլեն Կոնվեյը: Հենց այստեղ է, որ մեր ԱԳՆ-ն ստում է: Էլեն Կոնվեյը նախարար չէ: Նա, ինչպես և ևս 4 հոգի, գտնվում են Ֆրանսիայի ԱԳ նախարարի ենթակայության տակ և ղեկավարում են Ֆրանսիայի ԱԳՆ տարբեր ոլորտներ: Այդ մարդիկ, որոնց մենք այստեղ` Հայաստանում,  կոչում ենք փոխնախարարներ, այնտեղ՝ Ֆրանսիայում, համարվում են դելեգատ-նախարարներ: Դելեգատ-նախարարներ կան Ֆրանսիայի գրեթե բոլոր նախարարություններում, և ևս մեկը՝ կառավարությունում, որը պատասխանատու է Խորհրդարանի հետ հարաբերությունների համար:

Բայց դելեգատ-նախարարները նախարար չեն համարվում, քանի որ իրենց անմիջական ղեկավարը ոչ թե վարչապետն է, այլ` նախարարը:

Այժմ, մնում է պարզել, թե ինչու է ՀՀ ԱԳՆ-ն Սերժ Սարգսյանի պատիվը քիչ թե շատ փրկելու համար` ինքնագլուխ կերպով փոփոխության ենթարկել Ֆրանսիայի կառավարության կազմը:

Պարգև Ապրեսյան

Նախորդ հոդվածը‘Հայաստան – Լիտվա. թիմերի մեկնարկային կազմերը’
Հաջորդ հոդվածը‘Google-ը պատմել է պետությունների լրտեսական խաղերի մասին’