‘ՀՀ արտգործնախարարը հանդիպել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին’

1219

ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը Փարիզում հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յան Քելիի, Իգոր Պոպովի և Ժակ Ֆորի հետ: Այս մասին «Արմենպրեսին» տեղեկացրել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը: Այլ մանրամասներ խոսնակը չի հաղորդել:

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների առաջնորդները հունիսի 18-ին հանդես էին եկել համատեղ հայտարարությամբ, որում իրենց պատրաստակամությունն էին հայտնել խնդրի լուծումը տեսնել միայն խաղաղ բանակցային ճանապարհով: «Մենք հաստատում ենք, որ խնդրի կարգավորումը միայն բանակցությունների ճանապարհով կարող է բերել խաղաղության, կայունության և հաշտեցման` ստեղծելով նոր հնարավորություններ տարածաշրջանի զարգացման և գործակցության համար: Ռազմական ուժի կիրառումը, որի հետևանքով էլ ստեղծվել է ներկա անկայուն վիճակը, չի կարող լուծել հակամարտությունը: Ռազմական գործողությունների վերսկսումը կբերի աղետալի հետևանքների տարածաշրջանի բնակչության համար և կհանգեցնի մարդկային կորուստների, ավերածությունների, փախստականների թվի ավելացման, ֆինանսական հսկա կորուստների:

Մենք միաժամանակ խնդրում ենք զերծ մնալ գործողություններից կամ հայտարարություններից, որոնք կարող են ավելացնել լարվածությունը տարածաշրջանում և թեժացնել հակամարտությունը: Ղեկավարները պետք է իրենց ժողովուրդներին պատրաստեն խաղաղության, ոչ թե պատերազմի»,- ասվում էր համատեղ հայտարարության մեջ: 

Նախորդ հոդվածը‘Ակցիա՝ ի պաշտպանություն Կոնգրեսի երիտասարդների (ֆոտոշարք, տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Ահազանգ. Նարեկ Սարգսյանը՝ հուշարձանների ոչնչացման գործընթացի անմիջական մասնակից’