‘ՀՀ գլխավոր դատախազության պարզաբանումը Վարդան Պետրոսյանի խափանման միջոցի վերաբերյալ’

998

Նկատի ունենալով հանրային հետաքրքրությունը՝ դերասան Վարդան Պետրոսյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու՝ նախաքննության մարմնի միջնորդության և դատարանի կողմից այն բավարարելու փաստի կապակցությամբ, ՀՀ գլխավոր դատախազությունը հայտնում է.
Խափանման միջոց կիրառելը, իսկ առավել ևս՝ կալանավորում, որպես խափանման միջոց ընտրելը, չի հանդիսանում ինքնանպատակ և չի՛ կարող դրսևորվել կամ ընկալվել որպես մեղադրյալի նկատմամբ կիրառված պատիժ, այլ իր հիմքում ունի  մեղադրյալի հնարավոր ապօրինի  վարքագիծը կանխելու, այն է` նախաքննության և դատական քննության բնականոն գործընթացը, դատավարական գործընթացին մեղադրյալի (կասկածյալի) մասնակցությունը, մեղադրյալի կողմից այդ գործընթացներին խոչընդոտելու հնարավորությունը բացառելու և այլ նպատակներ: 
Նախաքննության այս փուլում ձեռք են բերվել բավարար հիմքեր՝ մեղադրյալ Վարդան Պետրոսյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդություն ներկայացնելու համար, ինչը բավարարվել է դատարանի կողմից: Եթե նախաքննության ցանկացած փուլում ի հայտ գան բավարար հիմքեր, որոնք կհիմնավորեն մեղադրյալին կալանքի տակ պահելու անհրաժեշտության բացակայությունը, ապա դատավարական ղեկավարում իրականացնող դատախազի կողմից կքննարկվի խափանման միջոցը վերացնելու կամ փոփոխելու հարցը:
ՀՀ գլխավոր դատախազությունը ևս մեկ անգամ վստահեցնում է, որ քրեական գործի նկատմամբ իրականացվում է պատշաճ վերահսկողություն, և նախաքննության ընթացքում նոր ապացույցների ձեռքբերման, ինչպես նաև ՀՀ գլխավոր դատախազին ուղղված միջնորդությունների քննարկման արդյունքում քրեական գործի ընթացքի և կայացվելիք որոշումների վերաբերյալ հանրությունը պատշաճ կիրազեկվի: 
Միաժամանակ, տեղեկացնում ենք, որ Սերժ Սարգսյանի կողմից տրվել է հանձնարարական՝ վերանայելու կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու օրենսդրական հիմքերն ու դիտարկելու գործնական այլընտրանքային միջոցների ներդրման հնարավորությունը` իրավակիրառ պրակտիկայի հստակեցման և այդ տեսակի խափանման միջոցների ընտրության հիմքերի որոշակիության և կանխատեսելիության հիմնավորմամբ, որի ուղղությամբ դատախազության կողմից արդեն իսկ իրականացվող միջոցառումների վերաբերյալ հանրությունը ժամանակին կիրազեկվի: 

Նախորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանը ԼՂՀ է մեկնել. Մամլո ծառայությունը դեռ լռում է ‘
Հաջորդ հոդվածը‘Կոնգրեսը շարունակում է տարածքային խորհուրդների ձևավորման աշխատանքները’