‘ՀՀ էներգետիկայի նախարարը ՄՄ-ի առավելությունների մասին. Գազը 30%-ով կզեղչվի’

664

Մաքսային միությանը Հայաստանի անդամակցելուց հետո Ռուսաստանի Դաշնությունը կհրաժարվի 30 տոկոսանոց էներգետիկ ակցիզային հարկի կիրառումից հանրապետություն  արտահանվող բնական գազի համար: Այդ մասին նոյեմբերի 4-ին լրագրողներին հայտարարել է էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը:

Նրա ասելով, Հայաստան մատակարարվող ռուսական բնական գազի համար 30 տոկոսի զեղչը որոշակի դեր կխաղա  հանրապետության ողջ էներգետիկ համալիրի համար: Ինչպես նշել է նախարարը, ռուսական կողմի հետ արդեն ձեռք է բերվել համապատասխան համաձայնություն, խնդիրը միայն հարցի իրավական ձևակերպումն է: Այժմ ընթանում է բանակցությունների եզրափակիչ փուլը, և մինչև նոր տարի փաստաթուղթը կստորագրվի: Ավելի վաղ, շարունակել է նախարարը, խոսք էր գնում ռուսական «երկնագույն վառելիքի» գնի նվազեցման առնչությամբ ռուսական կողմից ՀՀ կառավարության դոտացիաները սուբսիդավորելու հնարավորության մասին: Այժմ խոսքը վերաբերում է արդեն ռուսական գազի արժեքի նվազեցման այլ ուղղություններին:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Երևանում մամուլի ասուլիսում ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրեն Բրունո Բալվաներոն նույնպես հայտարարել էր, որ Հայաստանը կարող է իրական օգուտ քաղել Մաքսային միությանն անդամակցելուց` ռուսական բնական գազի  համեմատաբար ցածր սակագնի տեսքով: «Մաքսային միության երկրների համար գործում է միասնական սակագին, և դա այդ կազմակերպության անդամների առավելություններից մեկն է: Դա դրական ազդեցություն կգործի Հայաստանի տնտեսության վրա և կօգնի զսպել ինֆլյացիան», — ասել էր Բալվաներոն:

Նախորդ հոդվածը‘Լիսկայի գործ. Դատավորները խոսքը մեկ են արել’
Հաջորդ հոդվածը‘Եվրոպական ուիքենդ. Օզիլը և Ռեմսին հաստատում են «Արսենալի» հավակնությունները. «Ռոման» դադարում է հաղթել’