‘ՀՀ ԿԲ կանխատեսումներով 2015 թվականին ֆիզիկական անձանց դրամական փոխանցումները կկրճատվեն 30 տոկոսով’

1510

ՀՀ Կենտրոնական բանկի կանխատեսումներով 2015 թվականին ֆիզիկական անձանց դրամական փոխանցումները կկրճատվեն 30% (դոլարային արտահայտությամբ): Միևնույն ժամանակ, ակնկալվում է ռուսական ռուբլով փոխանցումների աճ, սակայն, տեմպերի կանխատեսվող դանդաղումով: Այս մասին է նշվում ՀՀ Կենտրոնական բանկի 2015 թվականի առաջին եռամսյակի դրամա-վարկային քաղաքականության ծրագրում:

Ըստ այդ ծրագրի, 2014 թվականի 4-րդ եռամսյակում Հայաստանի բանկային համակարգի միջոցով Հայաստան ուղղվող ֆիզիկական անձանց ոչ կոմերցիոն տրանսֆերտների հոսքը կրճատվել է 30.5%: Տեղին է նշել, որ դրամական փոխանցումների ավելի քան 80%-ը գալիս է Ռուսաստանից: Կանխատեսվող անկման պատճառը ռուսական ռուբլու արժեզրկումն է ԱՄՆ դոլարի նկատմամբ, ինչի հետևանքով 2015 թվականին Ռուսաստանում սպասվում է տնտեսական անկում:

2015 թվականին Ռուսաստանում կանխատեսվում է 2% տնտեսական անկում, տարեվերջին խորանալով մինչև 3.8%: Ընդ որում, այդ միտումը կշարունակվի նաև 2016 թվականին, իսկ 2017 թվականին տնտեսական ակտիվությունը կունենա դրական դինամիկա, տարեվերջին ապահովելով 1% հնարավոր տնտեսական աճ:

ՀՀ Կենտրոնական բանկի կանխատեսումներով, 2015 թվականին տնտեսական աճը Հայաստանում կդանդաղի մինչև 0.4-2%, 2014-ի 3.2-3.5%-ի փոխարեն: Համաշխարհային բանկի կանխատեսումներով Հայաստանում տնտեսական աճը 2015 թվականին կկազմի 3.3%, 2.6% փոխարեն, որը 2014-ի համար կանխատեսել էր ՀԲ-ն: 2016 թվականին Հայաստանի ՀՆԱ-ի աճը կարող է կազմել 3.7%, իսկ 2017 թվականին` 4.1%: Հայաստանի 2015 թվականի բյուջեով ՀՆԱ աճը նախատեսվում է 4.1%, իսկ դեֆիցիտը` ՀՆԱ-ի 2.34%: Ըստ բյուջեի, նոմինալ արտահայտությամբ ՀՆԱ-ն կկազմի 4.867.5 մլրդ դրամ: Ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների, տնտեսական ակտիվությունը Հայաստանում 2014 թվականին 2013ի համեմատ աճել է 3.9%:

Նախորդ հոդվածը‘Գագիկ Ջհանգիրյան. Մարտի 1-ի չբացահայտված սպանությունները մեր երկրի ամոթն ու խայատառակությունն են ‘
Հաջորդ հոդվածը‘Լիզա Ճաղարյան. «Մի քիչ փող ղրգեք» սուպերթիմի համեստ անդամին’