‘ՀՀ ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացրել է 8,5%-ից մինչև 9,5%’

1189

Հայաստանի կենտրոնական բանկը վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացրել է 8,5%-ից մինչև 9,5%: Ինչպես հաղորդում է ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունը, հունվարի 22-ին ԿԲ խորհրդի կայացրած այդ որոշումը պայմանավորված է դրամավարկային քաղաքականության դիրքը պահպանելու անհրաժեշտությամբ:

Աղբյուրի համաձայն, 2014 թ. դեկտեմբերին արձանագրվել է 3.0% գնաճ, որի պարագայում 12-ամսյա գնաճը կազմել է 4.6%: Վերաֆինանսավորման տոկոսադրույքի վերջին որոշումից հետո արտաքին հատվածում հիմնական հումքային և պարենային շուկաներում պահպանվել են գնանկումային միտումները, որոնց հնարավոր արտացոլման չափն ու արագությունը ՀՀ համապատասխան շուկաների գնային փոփոխություններում դեռևս անորոշ է: Գործընկեր երկրներում նույնպես գրանցվել են գնանկումային ճնշումներ, բացառությամբ Ռուսաստանի, որտեղ ռուբլու՝ տարեվերջին գրանցված աննախադեպ արժեզրկումն արտահայտվել է գների մակարդակի՝ աճի ուղղությամբ ճշգրտմամբ: Մյուս կողմից, չնայած ներքին տնտեսությունում որոշակիորեն մեղմվել են 2014 թ-ի վերջին ձևավորված բարձր գնաճային սպասումները, այնուամենայնիվ, դրանք դեռևս պահպանվում են, ինչն էլ արտահայտվում է ֆինանսական շուկայում՝ տնտեսավարող սուբյեկտների մոտ բարձր դրամային տոկոսադրույքների պահանջի դրսևորմամբ: Կենտրոնական բանկի խորհուրդը գտնում է, որ առկա բարձր տոկոսադրույքները, որոնք ձևավորվել են ԿԲ լոմբարդային ռեպո գործիքի տոկոսադրույքի շուրջ, մասամբ ներառում են նաև համաշխարհային տոկոսադրույքների և զարգացող երկրների ռիսկի հավելավճարի երկարաժամկետ աճի միտումը: Դրամավարկային քաղաքականության դիրքը պահպանելու նկատառումով ՀՀ ԿԲ խորհուրդը նպատակահարմար է գտնում բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը: Միևնույն ժամանակ, ձևավորված շուկայական բարձր տոկոսադրույքները նվազեցնելու նպատակով Խորհուրդն իջեցրել է լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը 3 տոկոսային կետով՝ սահմանելով այն 17% (ներգրավված ավանդների տոկոսադրույքը սահմանվել է 8% մակարդակում):  Արտարժութային շուկայում ճնշումների արդեն իսկ թուլացման պարագայում դա կնպաստի բարձր գնաճային սպասումների չեզոքացմանը և գնաճի նպատակի իրագործմանը:

Հիշեցնենք, որ  2014 թվականի վերջին ամիսներին Հայաստանի արժութային շուկայում դիտվում էր փոխարժեքի կտրուկ բարձրացում: ՀՀ ԿԲ դեկտեմբերի 17-ից խստացրեց արտարժույթով ներգրավված միջոցների պարտադիր պահուստավորման նորմատիվը` 12%-ից մինչև 24%, ընդ որում բանկերը ԿԲ-ում «պահուստային» միջոցներ են տեղաբաշխում միայն դրամով: Մինչ այդ, դեկտեմբերի 3-ին ԿԲ բարձրացրել էր լոմբարդային ռեպո գործարքների տոկոսադրույքը` 10,25%-ից մինչև 21%: Իսկ ԿԲ կուլմինացիոն քայլը դեկտեմբերի 23-ին վերաֆինանսավորման տոկոսադրույքի 6,75%-ից մինչև 8,5% բարձրացումն էր, ինչին զուգընթաց արտարժույթով ներգրավված միջոցների պարտադիր պահուստավորման նորմատիվը նվազեցվեց մինչև 20%, մինչև այդ մակարդակի իջեցվեց նաև լոմբարդային ռեպո գործարքների տոկոսադրույքը: Դեկտեմբերի սկզբից ի վեր ԿԲ-ն շուկայում իրականացրել էր արժութային երկարաժամկետ փոխանակումներ` դոլարի նկատմամբ բանկերի երկարաժամկետ պահանջարկը բավարարելու համար (3-6 ամիս ժամկետով):

Նախորդ հոդվածը‘ԶԼՄ. Սոմալիում հարձակում են գործել թուրքական պատվիրակության վրա’
Հաջորդ հոդվածը‘Վարդապետ Անդրեյ. Մենք կիսում ենք հայ ժողովրդի ցավը, բայց պատրիարքությունն իրավաբանական անձ չէ’