‘ՀՀ Կենտրոնական բանկը վերաֆինանսավորման տոկոսադրույքը 8.5 տոկոսից իջեցրել է մինչև 8 տոկոս’

1045

2013 թ. նոյեմբերի 12-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշել է իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.5 տոկոսային կետով՝ սահմանելով այն 8.0%: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությունը տեղեկացել է ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից:

Աղբյուրի համաձայն, 2013 թ. հոկտեմբերին արձանագրվել է 0.3% գնաճ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 1.2% գնաճի դիմաց, որի պարագայում 12-ամսյա գնաճը շարունակել է նվազել և հոկտեմբերի վերջին կազմել է 7.1%: Գնաճի նվազող վարքագիծը հիմնականում պայմանավորվել է ԿԲ կողմից դրամավարկային պայմանների խստացմամբ և նախանշվածից ցածր տնտեսական աճի տեմպերով: Խորհուրդը կարծում է, որ 12-ամսյա գնաճի նվազումը շարունակվելու է նաև առաջիկա ամիսներին՝ վկայելով գնաճի սպասումների հիմնականում խարսխված լինելու մասին:

Խորհուրդն արձանագրել է, որ արտաքին հատվածը գտնվել է կանխատեսվածի շրջանակներում: Պահպանվել են համաշխարհային տնտեսական աճի տեմպերի դանդաղ վերականգնման միտումները և ինչպես հումքային, այնպես էլ պարենային ապրանքների միջազգային շուկաներում հիմնականում ձևավորվել է ոչ գնաճային միջավայր: Այս զարգացումների ներքո, կանխատեսվող հորիզոնում արտաքին հատվածից լրացուցիչ գնաճային ճնշումներ չեն ակնկալվում:

Խորհուրդը գնահատել է, որ ՀՀ տնտեսության զարգացումներն անցած ինն ամիսների ընթացքում բնութագրվել են շինարարության ճյուղի ավելացված արժեքի նվազման ներքո տնտեսական աճի տեմպերի դանդաղմամբ և էներգակիրների սակագների բարձրացման հետևանքով ձևավորված բարձր գնաճային միջավայրով: Տարվա սկզբից Կառավարության կողմից իրականացված հարկաբյուջետային քաղաքականությունը ևս նպաստել է ցածր ներքին պահանջարկի ձևավորմանը, սակայն արդեն չորրորդ եռամսյակից իրականացվում է ընդլայնողական հարկաբյուջետային քաղաքականություն, որը, համաձայն ,ՀՀ 2014 թ-ի պետական բյուջեի մասինե ՀՀ օրենքի նախագծի դրույթների, շարունակվելու է հաջորդ ողջ տարվա ընթացքում: Խորհուրդը գտնում է, որ դրամավարկային պայմանների ներկայիս թուլացումը համարժեք է տնտեսական ակտիվության դանդաղմանն ու գնաճային միջավայրի մեղմմանը, իսկ ԿԲ դրամավարկային քաղաքականության հետագա ուղղությունները կպայմանավորվեն նաև հարկաբյուջետային քաղաքականության իրականացման ընթացքով:

Խորհուրդը համակարծիք է, որ տնտեսական սպասվող զարգացումների արդյունքում 12-ամսյա գնաճը, նախորդ կանխատեսման համեմատ ավելի արագ նվազելով, 2014 թ-ի կեսերին կվերադառնա նպատակային մակարդակին և կանխատեսվող հորիզոնում կպահպանվի տատանումների թույլատրելի միջակայքում:

Տոկոսադրույքի մակարդակի որոշման հիմքում ընկած մանրամասն տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ նոյեմբերի 22-ին հրապարակվելիք ,Գնաճի հաշվետվությունումե (Դրամավարկային քաղաքականության 2013թ. չորրորդ եռամսյակի ծրագրում):

Հիշեցնենք, որ ՀՀ Կենտրոնական բանկը վերաֆինանսավորման տոկոսադրույքը վերջին անգամ իջեցրել էր 2011 թվականի ապրիլի 11-ին` 8.5% — ից մինչև 8%, այդ մակարդակի վրա պահպանելով մինչև 2013 թվականի օգոստոսի 13-ը, երբ այն կրկին բարձրացվեց մինչև 8.5%: Մեգառեգուլյատորի օգոստոսյան այդ որոշումը թելադրված էր ձևավորված ինֆլյացիոն սպասումները զսպելու և էներգակիրների թանկացման երկրորդային ազդեցությանը մեղմելու նպատակով: ՀՀ ԿԲ Խորհուրդը 2013 թվականի օգոստոսի 13-ին վերանայեց նաև ներգրավված ավանդների տոկոսադրույքները` 6.5%-ից բարձրացնելով մինչև 7%, միաժամանակ պահպանելով լոմբարդային ՌԵՊՈ-ն ներկայիս` 10% մակարդակի վրա:

Հիշեցնենք, որ մեկ շաբաթ առաջ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը խիստ քննադատության ենթարկեց ՀՀ ԿԲ կոշտ մոնետար քաղաքականությունը, նշելով, որ օգոստոսին տեղի ունեցած տոկոսադրույքի բարձրացումը բացասականորեն անդրադարձավ երկրի տնտեսության զարգացման աճի տեմպերի վրա:

Նախորդ հոդվածը‘Ընդդիմությունը պահանջում է «կենսաթոշակների» օրենքի կիրառումը հետաձգելու հարցով ԱԺ արտահերթ նիստ գումարել’
Հաջորդ հոդվածը‘Ժիրինովսկի. Ես կովկասցիներին տեղահանելու կոչ չեմ արել’