‘ՀՀ-ն կհաստատի 2015 թ. ռուսական նավթամթերքի՝ առանց մաքսատուրքի մատակարարումների նոր ինդիկատիվ բալանսը’

1039

Մինչև 2014 թ. հոկտեմբեր ամիսը Հայաստանը կքննարկի և կհաստատի 2015 թ. ռուսական նավթամթերքի առանց մաքսատուրքի մատակարարումների նոր ինդիկատիվ բալանսը: Այդ մասին ԱրմԻնֆո գործակալությանը հարցազրույցում հայտնել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Իոսիֆ Իսայանը:

Նրա խոսքով, յուրաքանչյուր տարվա ինդիկատիվ բալանսը նախատեսվում է հաստատել մինչև նախորդ տարվա հոկտեմբերը: Բացառություն է արվել 2014 թ. համար, երբ բալանսը քննարկվել և հաստատվել է 2013 թ. վերջին, քանի որ Ռուսաստանի Դաշնության հետ համաձայնագիրը կնքվել էր դեկտեմբերի 2-ին: Փաստաթուղթը հաստատել են ՌԴ Էներգետիկայի նախարարությունը, ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը և ՌԴ Տնտեսական զարգացման նախարարությունը:

Ինչպես նշել է փոխնախարարը, նավթամթերքի լրացուցիչ ծավալներ մատակարարել ոչ ոք չի արգելել, բայց դրանցից արդեն մաքսատուրք կգանձվի: Ըստ որում, շարունակել է Իսայանը, խիստ կարևոր է պահպանել նավթամթերքի պահանջարկի որոշման ճշգրտությունը, և դեռևս սա միակ խնդիրն է, քանի որ առայժմ ո’չ  Վիճակագրական ծառայությունը, ո’չ Պետավտոտեսչությունը, ո’չ այլ կառույցներ այդ հարցով չեն զբաղվել:

2014 թ. մատակարարումների քվոտան սահմանված է հետևյալ կերպ. վառման մազութ`45 տոննա, ռեակտիվ շարժիչների համար վառելիք`47 հազար տոննա, դիզելային վառելիք`144 հազար տոննա, նավթային հանքաձյութ բիտումի արտադրության համար` 25 հազար տոննա, բենզին`136 հազար տոննա, քսայուղեր`390 տոննա: Նախագծի օպերատորը «Ռոսնեֆտ» ընկերութունն է:

 

Նախորդ հոդվածը‘«Դո՛ւրս մեր գրպանից» նախաձեռնությունը կոչ է անում ՃՈ կողմից ներկայացված տուգանքները բողոքարկել դատարանում’
Հաջորդ հոդվածը‘Ձեռնասերժության հետևանքները’