‘ՀՀ ողջ տարածքը վարձակալել են հինգ տարի ժամկետով. Մամուլ’

826

«Չորրորդ ինքնիշխանությունը» իր «լուր-մեկնաբանություն» խորագրի ներքո գրում է.

«Երեկ մի խումբ բնապահպաններ կառավարության շենքի առջև բողոքի ակցիա են անցկացրել Սյունիքի մարզի արոտավայրերը վարձակալությամբ Իրանին տրամադրելու դեմ և հայտարարել, թե նույն գնով (26 դոլարով) իրենք պատրաստ են վարձակալել կառավարության շենքը:

«ՉԻ»- Որպես բիզնես-նախագիծ՝ երիտասարդ բնապահպանների առաջարկն այնքան էլ իրատեսական չէ: Եվ ոչ թե այն պատճառով, որ կառավարության շենքը արոտավայր չէ, այլ որովհետև ներկա կառավարությունը տարածքի վարձակալության համար շատ ավելի մեծ գումար է վճարել: Այլ հարց է, որ նույն այդ կառավարությունը որպես արոտավայր օգտագործում է ՀՀ ողջ տարածքը: Իսկ հիմա հաշվենք: Խորհրդարանական ընտրությունների ժամանակ ՀՀԿ-ն մոտ 600 հազար ձայն է գնել, միջինը՝ 20 հազար դրամով  (ներառյալ «բաժանողների փայը»): Ստացվում է մոտ 30 միլիոն դոլար: Այդ գումարով նրանք ՀՀ ողջ տարածքը՝ մոտ 3 միլիոն հեկտար, վարձակալել են հինգ տարի ժամկետով: Ստացվում է մեկ հեկտարի համար տարեկան 2 դոլար: Փաստորեն՝ 2 դոլարով վարձակալել են, իրանցիներին 26 դոլարով են տալիս: Շահույթը՝ տարեկան 1300 տոկոս: Ավելի շահութաբեր բիզնես հնարավոր չէ պատկերացնել, այնպես որ՝ կառավարության «գործարար ջիղը» կասկածի ենթակա չէ»:


Նախորդ հոդվածը‘Թուրքիայում առաջին ԱԷԿ-ի շինարարությունը կմեկնարկի 2014 թվականին’
Հաջորդ հոդվածը‘Եթե իմ ամուսինը արել ա տենց բան, ուրեմն Վարդան Սեդրակյանի հրամանով ա արել. Պարույր Հայրիկյանի վրա կրակելու համար կասկածվողի կին’