‘
Հայաստանի Հանրապետության ճանապարհային ոստիկանությունը պարզաբանել է որոշ լրատվամիջոցների կողմից վերջերս շրջանառվող լուրերն այն մասին, թե իբր ՀՀ ոստիկանությունը «աննախադեպ շռայլ է գտնվել»՝ «Սեքյուրիթի Դրիմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տարածք հատկացնելով: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, լրատվամիճոջներում շրջանառվող տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: Բանն այն է, որ Հայաստանի Հանրապետության ոստիկանության և «Սեքյուրիթի Դրիմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջև 2011 թվականի հունիսի 13-ին կնքվել է «ՀՀ ԿԱ Ո ՃՈ-ԱՊԾՁԲ-11/02» պայմանագիրը, և ըստ այդմ՝ կողմերը կատարում են օրենքով նախատեսված պարտավորությունները: Բացի այդ՝ տարածքն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրելն ամենևին չի նշանակում սեփականության իրավունքով հատկացում, այլ ընդամենը տարածքը տրամադրվում է որոշակի ժամանակահատվածով օգտագործելու, այն է՝ վերը նշված պայմանագրով նախատեսված սարքավորումների (որոնք ևս տեղադրման պահից հանձվում են ոստիկանությանը և հանդիսանում են պետական սեփականություն) տեղադրման և շահագործման համար:
ՀՀ ոստիկանությունը միաժամանակ նշում է, որ վարչական իրավախախտումների գործերով նշանակված տուգանքների գանձված գումարների 70 %-ը «Սեքյուրիթի Դրիմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության շահույթը չի հանդիսանում, այլ դրանով վճարվում է պայմանագրով նախատեսված ապրանքների ու ծառայությունների ձեռքբերման գինը:
iLur.am-ը իր կողմից ստիպված է ուշադրություն դարձնել այն հանգամանքի վրա, որ ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է մասնավոր ընկերության ֆինանսական միջոցների հետ կապված հարցեր, ինչը ավելի շատ հարցեր է առաջացնում:
‘