‘
Երեք տասնյակ հասարակական կազմակերպություններ հանդես են եկել հայտարարությամբ, որտեղ անթույլատրելի են համարում Հայաստանում խտրականության և ատելության կոչերը, անձանց ֆիզիկական և հոգեբանական շարունակական հետապնդումների ենթարկելու փաստերը, ինչպես նաև այդ առնչությամբ դատական համակարգի ոչ պատշաճ արձագանքը։
Մասնավորապես, ՀԿ-ները մտահոգություն են հայտնում Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Ռուբեն Ներսիսյանի նախագահությամբ թիվ ԵԿԴ/2042/02/14 գործով կայացված վճռի առնչությամբ, որտեղ դատարանը վճռել է մերժել թվով 16 հայցվորների պահանջը` պատասխանատվության ենթարկելու «Իրավունք Մեդիա» ՍՊԸ-ին և «Իրավունք» թերթի գլխավոր խմբագիր Հովհաննես Գալաջյանին` հայցվորների պատվին և արժանապատվությանը պատճառված վնասի համար:
Հայցի առարկա հանդիսացող «Նրանք սպասարկում են միջազգային համասեռամոլ լոբբինգի շահերը. ազգի և պետության թշնամիների սև ցուցակը» հոդվածը, որը հանդիսանում է ատելության և խտրականության կոչ, վիրավորում է քաղաքացիների պատիվն ու արժանապատվությունը, հակասում է ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված հիմնարար սկզբունքներին, մարդու և քաղաքացու հիմնարար իրավունքներին և ազատություններին, ինչպես նաև ՀՀ կողմից ստանձնած միջազգային պարտավորություններին:
Ինչպես նշվում է հայտարարությունում, սույն որոշմամբ դատարանը վտանգում է քաղաքացիների անվտանգությունը, անձեռնմխելիությունը և խտրականությունից զերծ մնալու իրավունքը, և նպաստում է խտրականության հետագա առավել վտանգավոր դրսևորումներին:
ՀԿ-ների համոզմամբ՝ քաղաքացիների նկատմամբ նման վերաբերմունքը, որը հովանավորվում է պետական մակարդակով, ստեղծում է անպատժելիության մթնոլորտ և պարարտ հող` ատելության հիմքով ավելի ծանր դրսևորումներով նոր հանցագործությունների համար։ Մասնավորապես, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հայկ Բորիսի Բաբուխանյանը, ով հանդիսանում է նաև «Իրավունք Մեդիա» ՍՊԸ–ի խմբագրական խորհրդի հիմնադիր-նախագահը, հրապարակավ աջակցում է խտրականության հրահրմանն ու ատելությանը` պնդելով թերթի կողմից վիրավորանք և խտրականություն պարունակող հայտարարությունների իրավաչափությունը: Իսկ Հայկ Բաբուխանյանին պետական ամենաբարձր մակարդակով մեդալների շնորհումը կանաչ լույս է վառում երկրում հանրությանը սեգրեգացնող և պառակտող տեսակետների տարածման համար։
Ատելություն, նախապաշարմունքներ և խտրականություն տարածողների գործողությունների նկատմամբ պետական մարմինների կողմից անտարբերությունը, անուշադրություն և խրախուսող վերաբերմունքը սպառնում են հասարակական կարգին, ազգային անվտանգությանը և վարկաբեկում Հայաստանի միջազգային հեղինակությունը։ Ծայրահեղական և այլամերժ, անօրինական դրսևորումներին իրավական, քաղաքական համարժեք գնահատականների բացակայությունը կհանգեցնի անպատժելության խորացմանը Հայաստանի Հանրապետությունում։
Հայտարարության հեղինակները պահանջում ենք ՀՀ իշխանություններից
— դատապարտել զանգվածային լրատվության և այլ միջոցներով բարձրաստիճան պաշտոնատար, ինչպես նաև այլ անձանց կողմից իրականացվող խտրականությունն ու ատելությունը խրախուսող կոչերը,
— ապահովել դատարանի կողմից ատելության հիմքով գործերով արդար, բազմակողմանի և օբյեկտիվ քննությունը,
— ապահովել սույն գործով թիրախավորված տասնվեց հայցվորների անվտանգությունը և անձեռնմխելիությունը, խտրականությունից և բռնությունից զերծ մնալու նրանց իրավունքը:
«Հայաստանի Հանրապետությունում պետք է հաստատվի ՀՀ Սահմանադրական կարգը` որպես ՀՀ քաղաքացիների ազատության, արդարության, արժանապատվության և բազմամշակութային զարգացման միակ երաշխիք»,- ասված է հայտարարության մեջ:
‘