‘ՀՀ քաղաքացին արդեն ճաշակել է հաղթանակի համը, ՀՀ քաղաքացուն այլեւս անհնար է պարտության մատնել ‘

984

iLur.am-ի սիրելի ընթերցողներ

Ուրախ ենք տեղեկացնել, որ մենք արդեն վերադարձել ենք արձակուրդից եւ այժմ նորից Ձեզ հետ ենք: Եւս մեկ անգամ շնորհավորում ենք Ձեր Ամանորը եւ  Սուրբ Ծնունդը, մաղթում ենք, որպեսզի այս տարին իղձերի իրականացման եւ հոգսերի թեթեւացման տարի լինի:

Սակայն մինչ մեր համատեղ ընթացքի վերսկսումը՝ կցանկանայինք դիմել մեր ընթերցողներին երկու խոսքով:

Այո, անցնող տարին հեշտ չի եղել: Այո, դրան նախորդող տարիները եւս հեշտ չեն եղել: Այո, որեւէ մեկը չի երաշխավորում, որ այս տարին հեշտ կլինի: Պայքարող քաղաքացիների ճանապարհը երբեք հեշտ չի եղել ու չի լինելու:

Բայց: Ամենակարեւորը: Մենք այսօր կարող ենք արձանագրել, որ ՀՀ քաղաքացիները, թեկուզ դանդաղ, թեկուզ մեծ դժվարություններով ու զրկանքներով, թեկուզ ոչ այն քանակով, որ ցանկալի կլիներ, սակայն, դուրս են եկել մի ճանապարհի վրա, որից այլեւս հետդարձ չկա: Սա սեփական իրավունքների համար պայքարի մի ճանապարհ է, որը կարող է տանել միայն առաջ: Այո՛, ե՛ւ վհատությունը, ե՛ւ հուսահատությունը, ե՛ւ անորոշության զգացումը մարդու համար են: Այո՛, որեւէ մեկը չի երաշխավորել, որ ճանապարհի հենց այս կամ այն հատվածում հնարավոր կլինի հասնել նպատակին: Սակայն աներբկա է, որ ճանապարհը, որքան էլ այն երկար ու դժվար լինի, միայն մեկ ավարտ կարող է ունենալ՝ դա ՀՀ քաղաքացու հաղթանակն է: Այլ ճանապարհ, այլ ելք, այլ ավարտ ուղղակի գոյություն չունի: Առավելեւս՝ հիմա: ՀՀ քաղաքացին այսօր ավելի պահանջատեր է, քան տարիներ առաջ: ՀՀ քաղաքացին այսօր ավելի համառ է, քան տարիներ առաջ: ՀՀ քաղաքացին այսօր ավելի հասուն եւ գիտակից է՝ որպես քաղաքացի, քան տարիներ առաջ: Հետեւաբար, սա մի գործընթաց է, որն աստիճանաբար ոչ թե պետք է կամ կարող է սպառվել, այլ՝ միայն ուժգնանալ ու հզորանալ: Արցախյան պատերազմի ամենածանր օրերը հաջորդել են այնպիսի հաղթանակների, որոնցից հետո, թվում էր, որ պատերազմն արդեն հաղթական ավարտին ենք հասցրել: Բայց որեւէ մեկը չի հուսահատվել, չի լքել մարտադաշտը՝ թեւաթափ եղած, որեւէ մեկը չի մտածել, որ եթե Շուշիի ազատագրումից հետո հակառակորդը հասել էր մինչեւ Մարտակերտ, դա արդեն  կանխորոշելու էր պատերազմի ավարտը: Վճռականությունը հաղթեց հոգեբանական պատերազմում, որն էլ կանխորոշեց մարտադաշտում ընթացող պատերազմի ելքը: Այսօր էլ ոչ պակաս պատերազմ է: ՀՀ քաղաքացին պատերազմում է իր իրավունքների համար, սեփական երկրի ու սեփական երեխաների ապագայի համար: ՀՀ քաղաքացին իրականում չի ցանկանում լքել ոչ իր տունը, ոչ էլ իր հայրենիքը: Այո՛, այդ հակամարտության մեջ երբեմն կարող է թվալ, թե իշխանությունները հաղթել են քաղաքացուն, սակայն, իրականում դա այդպես չէ: Որովհետեւ ՀՀ քաղաքացին պարտվել չի կարող: ՀՀ քաղաքացին վերապրել է ավերիչ երկրաշարժը, դիմակայել է պատերազմն ու ծանր տնտեսական շրջափակումը, եւ ՀՀ քաղաքացին հաղթել է: ՀՀ քաղաքացին արդեն ճաշակել է հաղթանակի համը, հետեւաբար,ՀՀ քաղաքացուն այլեւս անհնար է պարտության մատնել: Այո՛, ՀՀ քաղաքացուն թալանում են, կեղեքում են, ՀՀ քաղաքացու վրա կրակել են սեփական մայրաքաղաքի սրտում, հոշոտել են Նեմեց Ռուբոյի «Հարսնաքարում» ու Թոխմախի Մհերի բենզալցակայաններում, բայց ՀՀ քաղաքացուն չեն հաղթել ու չեն կարող հաղթել: Որովհետեւ ՀՀ քաղաքացու ամբողջականությունը շատանում է, բռունցքվում է, ամրանում ու բյուրեղանում է:

Հ.Գ. Ու եթե երբեմն կարող է իրավիճակն անելանելի թվալ, ապա հիշեք, որ ամենամութը լինում է լուսաբացից առաջ: Հաղթական լուսաբացից առաջ: Հաղթանա՛կ ՀՀ քաղաքացուն:

Ազատ եւ անկախ Հայաստանի բարեմաղթանքով՝ iLur.am-ի խմբագրակազմ:

 

 

 

Նախորդ հոդվածը‘«Չելսին» Լեմպարդի վրա «խաչ» քաշեց’
Հաջորդ հոդվածը‘Հռոմի պապը կրկին կոչ է արել դադարեցնել «անվերջանալի բռնությունը» Սիրիայում’