‘ՀՀ քաղաքացին փորձել է հատել Թուրքիայի սահմանը’

1096

Հայաստանի բնակիչը հարազատների հետ վեճից հետո փորձել է ապօրինի հատել Թուրքիայի հետ սահմանը: Այս մասին ասվում է Հայաստանում ՌԴ-ի Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության մամուլի ծառայության հաղորդագրությունում, որը ներկայացնում ենք ստորև.

Դեկտեմբերի 22-ին Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության աշխատակիցները ձերբակալել են Ախուրյան բնակավայրի շրջանում հայ-թուրքական սահմանն ապօրինաբար հատելու փորձ կատարած օրինախախտին:

Երեկոյան սահմանի պահպանության տեխնիկական միջոցներից սահմանապահ պահակակետին ահազանգի ազդանշան էր ստացվել:

Դեպքի վայր ժամանած սահմանապահների խումբը հայտնաբերել է սահմանախախտի հետքերը: Անհայտ անձը փորձել է մոլորության մեջ գցել սահմանապահներին՝ ճանապարհը հաղթահարելով մեջքով դեպի առաջ:

Սակայն Գյումրիի սահմանապահ ջոկատի զինծառայողների վարպետության շնորհիվ Հայաստանի Հանրապետության պետական սահմանից 150 մետր հեռավորության վրա նա ձերբակալվել է:

Սահմանախախտի անձնական ստուգման ժամանակ անձը հաստատող փաստաթղթեր չեն եղել:

Սահմանի խախտման պատճառների բացահայտման ժամանակ տղամարդը նշել է, որ հյուր է գնացել հարազատներին եւ կենցաղային վեճից հետո որոշել է ցուցադրաբար հեռանալ Թուրքիայի Հանրապետություն:

Հարցաքննության ժամանակ տղամարդն իրեն հանդուգն է պահել, գտնվել է ոչ ադեկվատ վիճակում, այդուհանդերձ, ալկոհոլային հարբածության արտաքին նշանները բացակայել են:

Որոշ ժամանակ անց հարազատները ներկայացրել են ձերբակալվածի փաստաթղթերը եւ հաստատել նրա ինքնությունը:

Նախորդ հոդվածը‘Վարդան Պետրոսյանի առողջական վիճակը վատացել է, դատական նիստը հետաձգվել է’
Հաջորդ հոդվածը‘ԼՂՀ խորհրդարանն ընդունել է 2015-ի պետբյուջեն’