‘
Հայաստանի օլիմպիական պատվիրակությունը պատրաստ է մասնակցել 2015 թվականին Բաքվում կայանալիք Եվրոպական օլիմպիական խաղերին: Այս մասին Միջազգային Օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը: Նա նշեց, որ ելնելով «սպորտը սահմաններ չի ճանաչում» օլիմպիական կարգախոսից, Հայաստանը խնդիր չի տեսնում Բաքվում կայանալիք խաղերի մասնակցության մեջ: Միեւնույն ժամանակ նա հայտնեց, որ հայկական պատվիրակությունը Բաքու կմեկնի համապատասխան երաշխիքներ ստանալու դեպքում: Ծառուկյանը ՄՕԿ նախագահին խնդրեց՝ իր ադրբեջանցի գործընկերոջը փոխանցել այս որոշումը:
Ի պատասխան՝ Թոմաս Բախը ողջունեց Ծառուկյանի դիրքորոշումը: «Շնորհակալություն եմ հայտնում պարոն Ծառուկյանին, որ այդպիսի օլիմպիական ոգով է տրամադրված: Սա շատ լավ նախադեպ է»,- ասաց նա: Միեւնույն ժամանակ Թոմաս Բախը նշեց, որ Հայաստանի չմասնակցության դեպքում որեւէ պատժամիջոց չի կիրառվի:
‘