‘ՀՀ օմբուդսմենը Ղարաբաղի իր պաշտոնակցին խնդրել է ուսումնասիրել Բերձորի միջադեպի հանգամանքները’

708

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը նամակ է հղել Ղարաբաղի իր գործընկեր Յուրի Հայրապետյանին` Բերձորի դեպքերի կապակցությամբ:

Անդրեասյանը նշում է, որ հունվարի 31-ին Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին Բերձորում դիմավորել են քաղաքացիական հագուստով, դիմակավորված, ինչպես նաև ոստիկանական համազգեստով անձինք, ովքեր այնուհետև ուժ են կիրառել ավտոերթի մասնակիցների նկատմամբ: «Ըստ միջադեպի մասնակից քաղաքացիների պնդումների՝ ավտոերթի մասնակիցները, այդ թվում՝ Ժիրայր Սեֆիլյանը, Մխիթար Ավետիսյանը, Քերոբ Ղազարյանը, Ալեք Ենիգոմշյանը, Վարուժան Ավետիսյանը, Անուշավան Շահնազարյանը, ստացել են մարմնական վնասվածքներ: Բացի դրանից՝ վնասվել են նրանցից շատերի ավտոմեքենաները, ուժի կիրառմամբ վերցվել են նրանց տեսախցիկները և դրոշները: Առավել ցավալի է, որ հաղորդվում է նաև լրագրողների, երեխաների ու կանանց նկատմամբ բռնության դրսևորումների մասին: Խստորեն դատապարտում ենք մարդկանց խաղաղ հավաքը խոչընդոտելու որևէ դրսևորում որևէ վայրում», — նշվում է Անդրեասյանի նամակում:

«Հաշվի առնելով, որ միջադեպը տեղի է ունեցել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում, և մենք չունենք որևէ իրավազորություն՝ միջամտելու դեպքի քննությանը՝ խնդրում եմ Ձեր իրավասության սահմաններում միջոցներ ձեռնարկել միջադեպի մանրամասները ուսումնասիրելու և քաղաքացիների խախտված իրավունքները վերականգնելու ուղղությամբ: Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն էական առաջընթաց է արձանագրել ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության հարցում իր անկախացումից ի վեր: Հետևաբար, լիահույս ենք, որ միջադեպի մասնակից քաղաքացիների դիմումներն ու բողոքները՝ ուղղված համապատասխան պետական կառույցներին, կստանան պատշաճ ընթացք և կունենան դրական արդյունք: Շարունակելով մեր կառույցների երկարատև համագործակցությունը Եվրոպական օմբուդսմենների ինստիտուտի շրջանականերում և երկկողմանի ձևաչափով՝ անհրաժեշտության դեպքում մեր պատրաստակամությունն ենք հայտնում ամեն կերպ աջակցել այս խնդրի լուծմանը», — գրել է Հայաստանի օմբուդսմենը:

Հիշեցնենք, որ հունվարի 31-ին Հիմնադիր խորհրդարանի ներկայացուցիչները, այդ թվում Արցախյան պատերազմի վետերան Ժիրայր Սեֆիլյանը, դեպի Արցախ իրազեկման ավտոերթի ընթացքում Բերձորի մոտ դաժանաբար ծեծի են ենթարկվել ԼՂՀ ողտիկանների կողմից: Այդպիսով Ղարաբաղի ոստիկանները փորձել են խոչընդոտել «100-ամյակն առանց ռեժիմի» շարժման շրջանակում իրազեկման ավտոերթի անցկացումն Արցախում:

Շարժման մասնակիցների պատմելով՝ ոստիկանները, որոնցից շատերը քաղաքացիական հագուստով էին, իրենց դուրս են քաշել մեքենաներից և մահակներով ծեծել: Ակտիվիստներից շատերին տարել են Ստեփանակերտի հիվանդանոց:

Կատարվածի առնչությամբ հայտարարություն է տարածել նաև ԼՂՀ ոստիկանությունը, որում, մասնավորապես, ասվում է. «Հանդիպելով ավտոերթի մասնակիցներին` ոստիկանության ներկայացուցիչները բացատրական աշխատանքներ են իրականացրել նրանց հետ՝ հորդորելով ետ կանգնել այդ նախաձեռնությունից, քանի որ այն հասարակական լարվածություն է առաջացրել Արցախում։ Սակայն ավտոերթի մի խումբ մասնակիցներ, ի հակադարձումն հորդորների, դիմել են հակաօրինական գործողությունների և շարունակել սադրանքները նաև ոստիկանության նախազգուշացումներից հետո։ Հնարավոր զանգվածային անկարգությունները կանխելու նպատակով ԼՂՀ ոստիկանությունն ստեղծված իրավիճակում ստիպված է եղել դիմել համապատասխան գործողություների` օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում:  Ցավոք, կան տուժածներ, որոնց կյանքին, սակայն, վտանգ չի սպառնում»:

Նախորդ հոդվածը‘Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի պետը հրաժարական է տվել’
Հաջորդ հոդվածը‘ՀՀԿ-ն չկարողացավ միայնակ Հաշվիչ հանձնաժողով ձեւավորել’