‘
Մոսկվայի ոստիկանությունը թույլատրել է Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին քննչական մեկուսարանում հանդիպել հուլիսի 13-ին նոր Մոսկվայում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի մեջ մեղադրվող Հրաչյա Հարությունյանին, տեղեկացնում է «Նովոստի-Արմենիա» գործակալությունը՝ հղում անելով РИА-Новости-ին:
«Քննիչը համապատասխան թույլտվություն է տրամադրել «Մատրոսսկայա տիշինա» մեկուսարանում պահվող Հարությունյանի հետ հանդիպելու համար», — ըստ աղբյուրի` հայտարարել է ՌԴ ՆԳՆ լրատվական ծառայության աշխատակիցը:
Հուլիսի 13-ին Մոսկովյան մարզում տեղի ունեցած ավտովթարի հետեւանքով զոհվել է 18 մարդ, ավելի քան 40-ը վնասվածքներ են ստացել: Այսօր դեպքի փաստով միակ մեղադրյալը՝ ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանը, հրաժարվել է նախաքննական ցուցմունք տալ:
‘