‘
«Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» ՀՀ օրենքը օրենսդրական փաթեթով նախատեսում է 2016 թվականի հունվարի 1-ից հղիության և ծննդաբերության նպաստ (140 օրվա համար) տրամադրել նաև չաշխատող մայրերին: Նվազագույն աշխատավարձի չափի՝ 66 հազար դրամով հաշվարկելու դեպքում չաշխատող կինը կստանա 230 հազար դրամ գումար: Փոխարենը հաջորդ տարվա հունվարի 1-ից կկրճատվի աշխատող մայրերի նպաստի չափը: Այս և այլ հարցերի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի հետ:
—Պարո՛ն Ասատրյան, այս նոր օրինագիծը շարժել է բազմաթիվ հղիների ու աշխատող մայրերի զայրույթը: Առաջիկայում նրանք պատրաստվում են բողոքի ակցիաներ կազմակերպել: Եթե ակցիաները շարունակական լինեն, հնարավո՞ր է` վերանայեք մոտեցումը:
-Ես կարծում եմ, որ այստեղ ևս խնդիրը վերաբերում է հարցի համակողմանի քննարկման անհրաժեշտությանը, խնդիրներն առավել խորքային պատկերացնելուն և դրանց վերաբերյալ նոր կարծիք հայտնելուն: Հիմա առաջիկա մեր աշխատանքները վերաբերում են հենց հանրային քննարկումները կազմակերպելուն: Այս հարցի մասով կառավարությունն ինչ է ասում. մենք ունենք ձևավորած առաջարկություններ, դրանք պետք է լինեն, բնականաբար, նախագծի տեսքով, բայց և վերջնական լուծումներ չեն: Սրանք առաջարկություններ են, որոնք դրվել են հանրային քննարկման: Մենք բաց ենք ու ակնկալում ենք, որ բոլոր շահագրգիռ անհատները և անձինք ներկայացնեն կոնկրետ առաջարկություններ խնդրի լուծման վերաբերյալ: Ամենակարևորը՝ որ մենք համաձայնենք խնդիրների ձևակերպման շուրջ: Եթե բոլոր կողմերով խնդիրները հստակ ձևակերպենք, ապա կգտնենք լուծումներ, քանզի, կարծում եմ, որ ոչ միայն կառավարությունը, այլև պատգամավորները, նաև՝ մեր հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները, բոլորս նույն նպատակն ենք հետապնդում: Ի դեպ, նշեմ, որ օրենսդրական այս նախաձեռնությունը քննարկել ենք նաև «Հանրապետական» կուսակցության ներսում՝ պատգամավորների հետ: Բազմաթիվ մտահոգություններ, հարցեր, առաջարկներ հնչել են նաև ՀՀԿ-ական պատգամավորների կողմից:
—Պարո՛ն Ասատրյան, ՎՊ-ն իր՝ 2013 թվականի տարեկան հաշվետվության մեջ «կասկածելի» հղիներ էր հայտնաբերել, որոնք որոշ ընկերություններում աշխատանքի են ընդունվել և պայմանագիր են կնքել հղիության նպաստ ստանալուց ընդամենը մեկ-երկու ամիս առաջ: Ինչպե՞ս կմեկնաբանեք սա:
-Նախ ակնհայտ է, որ որևէ իրավական խախտում տեղի չի ունեցել: Այսինքն՝ կազմակերպությունները, որոնք վճարել են հղիներին, որևէ խախտում չեն կատարել: Ես այստեղ չէի անձնավորի կամ կոնկրետացնի կազմակերպությունները, այլ ուղղակի երևույթին է պետք անդրադառնալ ամբողջական՝ վերանալով կազմակերպություններից և անհատներից: Ամեն դեպքում, խնդիրը հետևյալն է՝ մենք ունենք արձանագրված վիճակ, ըստ որի՝ այսօրվա օրենսդրական կարգավորումների շրջանակներում բավականին բարձր չափի նաև նպաստներ են վճարվում, բայց նորից արձանագրելով, որ դրանք օրենքով սահմանված կարգով են վճարվում:
—Վերջերս «Ժողովուրդ»-ի խմբագրությունը մի շարք քաղծառայողներից դժգոհություններ ստացավ այն մասին, որ հուլիսի 1-ից նվազագույն աշխատավարձը բարձրացել է իրենց պարգևավճարների հաշվին: Այսինքն՝ եթե իրենք նախկինում երեք ամիսը մեկ ստանում էին պարգևավճարներ, ապա հիմա նրանք դրանցից ուղղակի զրկվել են: Դուք տեղյա՞կ եք խնդրին:
-Ես նման տեղեկատվություն չունեմ: Պետք է ավելի կոնկրետ լինի, որովհետև յուրաքանչյուր տարվա պետական բյուջեում յուրաքանչյուր պետական կառավարման մարմնի համար նախատեսվում է համապատասխան աշխատավարձի ֆոնդ, այդ թվում՝ պարգևատրումների իրականացման համար: Այդ պարգևատրումների իրականացումը կանոնակարգված է օրենսդրությամբ: Պետք է հասկանանք, որ այն, ինչն իրականացվել է, օրենսդրությամբ սահմանված կարգով է: Ես մեր նախարարության մասով կարող եմ ասել, որ այն, ինչ պլանավորված է եղել նախորդ տարվա պետական բյուջեում այդ ժամանակվա գործող օրենդրության համաձայն, 2014 թվականի պետբյուջեում ավելացվեց նախատեսված աշխատավարձերի մասը, ինչը որ ավելացումներ էր նախատեսում: Նաև հատկացվել և պատրաստվել է պարգևատրման ֆոնդը, որն ուղղվում է նորից աշխատակիցների պարգևատրմանը: Այդ առումով ես որևէ խնդիր չեմ կարող արձանագրել:
‘