‘Հղիության նպաստների հարցում կառավարությունը գնաց զիջումների’

1262

Հղիության նպաստների հարցում կառավարությունը գնաց զիջումների, հետևաբար, «Ժամանակավոր անաշխատունակության մասին» օրենքի աղմկահարույց փոփոխությունները չեն ընդունվի: Այս մասին ՀՀ խորհրդարանում տեղի ունեցած քննարկումներից հետո լրագրողներին հայտարարել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, հաղորդում է ԱրմԻնֆո գործակալությունը:

Ավելի վաղ առաջարկվել էր, մասնավորապես, ընդլայնել այն անձանց շրջանը, որոնք ունեն պետբյուջեից նպաստ ստանալու իրավունք: Առաջարկվում էր նպաստ վճարել նաև չաշխատող կանանց (համաձայն գործող օրենսդրության, նպաստը տրվում է միայն աշխատող կանանց): Առաջարկվում էր չաշխատող կանանց մայրական նպաստը հաշվարկել, ելնելով ամսական նվազագույն աշխատավարձից (50 հազար դրամ): Նախատեսվում էր նաև 2015 թվականից կրճատել աշխատող կանանց տրվող նպաստները, կախված աշխատանքային ստաժից: Այսպես, նույն աշխատավայրում մինչև մեկ տարի աշխատանքային ստաժի դեպքում նպաստը կտրամադրվեր աշխատավարձի 40%-ի չափով, 1-3 տարվա դեպքում` 60%-ի չափով, իսկ 3 և ավելի տարիների դեպքում` 80%-ի չափով: Սահմանվում էր նաև վերին շեմը, որի համաձայն հղիության և ծննդաբերության ընթացքում տրվող նպաստները չպետք է գերազանցի նվազագույյն աշխատավարձի հնգապատիկը: Առաջարկվող փոփոխությունները հանդիպեցին քաղաքացիների բուռն բողոքներին, կառավարության շենքի մոտ տեղի ունեցան բողոքի բազմաթիվ ակցիաներ:

Այսօր Ասատրյանը տեղեկացրել է, որ նպաստը չի հաշվարկվի աշխատանքային ստաժով, նոր փաստաթղթով ամրագրվում է մեկ այլ դրույթ, որ եթե կինն ստանում է 1 մլն դրամից ավելի աշխատավարձ, ապա նպաստի հաշվարկը կատարում է գործատուն: Ըստ նախարարի, 110 հազար աշխատող կանանց համար, որոնք ծնվել են 1974 թվականից հետո և ստանում են մինչև 1 մլն դրամ աշխատավարձ, փաստորեն, նպաստը հաշվարկվում է աշխատավարձի 100%-ի չափով: Նա նոր փոփոխությունները համարել է կառուցողական, որոնք հասարակայնության և մասնագետների հետ կայացած բանավեճերի արդյունքն են:

Ըստ նոր փոփոխությունների, չաշխատող կանանց նույնպես կտրվի նպաստ, նվազագույն աշխատավարձի 50%-ի չափով, որն այսօր կազմում է 50 հազար դրամ: 

Նախորդ հոդվածը‘ՏՄՊՊՀ նախագահը փորձում է «ճիշտ հանել» Սերժ Սարգսյանին ‘
Հաջորդ հոդվածը‘Ախտորոշվել է Արգենտինայի նախագահի հիվանդությունը’