‘ՀՅԴ Բյուրոն Սիրիայի հարցով դիմում է Արեւմտյան պետություններին ‘

674

Հայ Հեղափոխական Դաշնակցության Բյուրոն դատապարտում է Հալեպի հայաբնակ թաղամասերի վրա վերջին օրերին հետզհետե ուժգնացող հարձակումները։ Արդեն կասկած չի մնում, որ Սիրիայի իշխանություններին իբրեւ ընդդիմություն հանդես եկող ուժերի թիրախը բացառապես հայաբնակ թաղամասերն են:

Կան փաստեր, որ Հալեպի հայաբնակ թաղամասերի վրա սաստկացած հարձակումները խրախուսվում են հատկապես Թուրքիայի կողմից։

Դիմում ենք ընդդիմադիր այդ ուժերի վրա ազդեցություն ունեցող բոլոր, հատկապէս Արեւմտյան պետություններին՝ անմիջապես իրենց լծակները օգտագործելով դադարեցնել հայաբնակ թաղամասերի վրա հարձակումները: Հակահայ հարձակումներին եւ գործված ոճրագործությանը մեղսակից կհամարվեն հովանավորող բոլոր այն պետությունները, որոնք առաջքը չեն առնի այդ արարքների։

Կոչ ենք անում Սիրիայի իշխանություններին, անհրաժեշտ միջոցները ձեռնարկել՝ հատկապէս քրիստոնեա անզեն փոքրամասնությունների ֆիզիկական անվտանգությունն ապահովելու համար։

Կոչ ենք անում նաեւ համայն հայությանը՝ հնարավոր բոլոր միջոցներով սատարել հակահայ արարքների դադարեցմանը ուղղված Հ.Յ.Դ. Հայ Դատի հանձնախմբերի եւ գրասենյակների նախաձեռնություններին։

Հ.Յ.Դ. ԲԻՒՐՕ

 

Նախորդ հոդվածը‘Չինաստանում Պանդան կգուշակի Աշխարհի առաջնության խաղի արդյունքները’
Հաջորդ հոդվածը‘Եղանակ. Անձրևի հավանականությունը փոքր է ‘