‘ՀՅԴ երիտասարդները համանախագահների այցի օրը ԱԳՆ-ի մոտ ցույց կանեն ‘

580

ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունն ու ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միությունը հանդես են եկել հայտարարությամբ,  որտեղ նշում են, որ վերջերս, հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող միջադեպերը և դրանց վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերաբերմունքն ու մեկնաբանությունները մտահոգությունների տեղիք են տալիս:  «Ադրբեջանական զինուժի կողմից պարբերաբար հրադադարի խախտման փորձերի հետևանքով մարդկային կորուստները, ինչպես նաև Ադրբեջանի իշխանությունների ընդգծված հակահայկական և ռազմատենչ հայտարարությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից չեն արժանանում համարժեք գնահատականի: Ավելին, Մինսկի խմբի համանախագահների կողմից ադրբեջանական կողմի գործողությունների դիտարկումը հավասարության սկզբունքով ոչ միայն չի նպաստում խաղաղության հաստատմանը, այլև խրախուսում և միևնույն ժամանակ հնարավորություն է տալիս Ադրբեջանին շարունակել իր ապակառուցողական և տարածաշրջանի ապակայունացման քաղաքականությունը:
Պահանջում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբից վերջ տալ կեղծ հավասարության քաղաքականությանը և համապատասխան գնահատական տալ Ադրբեջանի կողմից պարբերաբար սանձազերծվող ագրեսիային»,- ասված է հայտարարության մեջ:

Այս կապակցությամբ հեղինակները նշում են, որ փետրվարի 5-ին, ժամը 12:00-ին ՀՀ Արտաքին գործերի նախարարության շենքում տեղի է ունենալու արտգործնախարարի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը, ինչի կապակցությամբ ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը և  ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միությունը նախատեսում են բողոքի ցույց: Ցույցը տեղի կունենա Արտաքին գործերի նախարարության շենքի դիմաց, ժամը 11:30-ին:  «Մենք կոչ ենք անում քաղաքական կուսակցությունների Երիտասարդական միություններին, անկախ քաղաքական դիրքորոշումից և մոտեցումներից, միանալ բողոքի ցույցին և միասնական դիրքորոշում արտահայտել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կեցվածքի վերաբերյալ»,- ասված է հայտարարության մեջ:

 

Նախորդ հոդվածը‘Գլխավոր դատախազությունը դիմել է Աշոտ Սուքիասյանին հանձնելու միջնորդությամբ’
Հաջորդ հոդվածը‘Ս.Դեմիրճյան. Անցած տարին որեւէ դրական տեղաշարժ չարձանագրեց մեր պետության կյանքում ‘