‘ՀՅԴ Երևանի կոմիտեի կոչը երևանցիներին’

750

«2014 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ է մտնում բազմաստիճան կենսաթոշակային մի համակարգ, որի մի շարք դրույթներ արդարացի ընդվզում են առաջացրել հասարակության ամենատարբեր շերտերում։ 2014թ. գործարկվող «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի համաձայն, 1974թ. և հետո ծնված ՀՀ քաղաքացիները պարտավոր կլինեն կուտակային մասնավոր ֆոնդերին փոխանցել իրենց չհարկված աշխատավարձի 5-ից 10 տոկոսը»,-ասված է ՀՅԴ Երևանի կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«Ըստ էության, օրենքով պարտադրվող կուտակային վճար գանձելն ու այն մասնավոր կենսաթոշակային հիմնադրամին ուղղելը ոչ իրավաչափ է և հակասության մեջ է մտնում Սահմադրության 45-րդ հոդվածի հետ՝ խախտելով Սահմանադրությամբ երաշխաված անձի սեփականության իրավունքը:

Օրենքով նախատեսված պարտադիր կուտակային բաղադրիչը հակասում է նաև սոցիալական պետության սահմանադրական համակարգին՝ խաթարելով Սահմանադրությամբ նախատեսված սոցիալական մի շարք իրավունքների պատշաճ իրականացումը: Հիմնավորված չէ նաև պետության կողմից ֆոնդերի երաշխավորությունը պետբյուջեի վրա թողնելը։

Քաղաքացիների կողմից կատարված վճարների տնօրինումը օտարերկրյա մասնավոր ընկերություններին հանձնելը մի շարք իրավական, տնտեսական ու սոցիալական խնդիրներ է առաջացնում՝ կապված գումարների երաշխավորելիության, գումարները երկրից դուրս հանելու, ինչպես նաև ֆոնդերի կառավարման, դրանց թափանցիկության հետ։

Առաջարկվող մոդելը միջազգային պրակտիկայում լինելով աննախադեպ, ակհայտորեն ռիսկային է և ոչ միայն չի ապահովում կենսաթոշակային համակարգի առջև ծառացած խնդիրների ամբողջական լուծումը, այլև չի երաշխավորում ապագա սերունդների արժանապատիվ կենսաթոշակ ստանալու հնարավորությունը:

Ավաղ, վերոնշյալ և մի շարք այլ հիմնախնդիրների շուրջ անդրդվելի և անտարբեր մնացին կառավարությունն ու խորհրդարանական կոալիցիան՝ մերժելով անգամ Ազգային ժողովում հարցը քննարկելու և օրենքի գործադրումը մեկ տարով հետաձգելու ՀՅԴ, ԲՀԿ, ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ և ՀԱԿ խորհրդարանական խմբակցությունների նախաձեռնությունը։

«Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի սահմանադրականությունը խորհրդարանական չորս ուժերը կվիճարկեն Սահմանադրական դատարանում։

ՀՅԴ Երևանի կոմիտեն՝ կարևորելով ՀՀ օրենքների սահմանադրականությունը, պաշտպանված և երաշխավորված իրավունքներով ու արժանապատիվ ապագայով հասարակություն ունենալու գերխնդիրը, կոչ է անում երևանցիներին մասնակցելու դեկտեմբերի 17-ին, ժամը 12:-30-ին Ազատության հրապարակում մեկնարկող ԸՆԴԴԵՄ կենսաթոշակայինի երթին։

Սիրելի երևանցիներ, միասին պայքարենք հանուն մեր իրավունքների, հանուն սոցիալական և իրավական երկրի»,-ասված է հայտարարության մեջ։

Նախորդ հոդվածը‘Էմիլ Բուդաղյան. Լիսկայի մերձավորները սուտ տեղեկություններ են տարածում’
Հաջորդ հոդվածը‘«ՀայՌուսգազարդի» պատճառով «Ալիշան» պահածոների գործարանը փակման վտանգի տակ է. Tert’