‘
Երևանում օգոստոսի 24-ից 26-ը տեղի է ունեցել ՀՅԴ մարմինների ներկայացուցիչների ընդլայնված խորհրդաժողով, որն ի թիվս այլ հարցերի, հաստատել է, որ առկա մարտահրավերները դիմագրավելու համար Հայաստանը պետք է ամրապնդվի ներքնապես, միատեղի համայն հայության ներուժը, հստակեցնի եւ վարի նպատակային ու ակտիվ արտաքին քաղաքականություն։
Համահայկական այս միջոցառմանը մասնակցել են հայրենիքի եւ արտերկրի կուսակցական մարմինների եւ շրջանների ներկայացուցիչներ եւ հրավիրյալներ։
ՀՅԴ Բյուրոյի նախաձեռնած միջոցառման նպատակն է եղել քննել կազմակերպական խնդիրներ, հայաստանամերձ տարածաշրջանի կացությունը, ՀՀ ներքին քաղաքական վիճակը, Հայաստան-Սփյուռք հարաբերությունների հարցեր։
Խորհրդաժողովն անդրադարձել է հայության եւ հայոց պետականության առջեւ ծառացած խնդիրներին եւ նոր մարտահրավերներին։ Շեշտվել է, որ իր օրակարգային հիմնահարցերին համարժեքորեն արձագանքելու համար ՀՅ Դաշնակցությունը պետք է ներդնի հավելյալ ջանքեր, հանդես գա համակուսակցական ամբողջական ներուժով։
Խորհրդաժողովը արձանագրել է, որ կազմակերպական-կարգապահական հարցերի լուծման հիմնական միջոցը գործն է։ Նոր ժամանակներին եւ իրողություններին համաքայլ ընթանալու համար անհրաժեշտ է շարունակաբար հստակեցնել մարտավարական անելիքները, առավել ճկուն եւ արդյունավետ դարձնել գործելաոճը, առավել արդյունավետ կիրառել ժամանակակից տեխնոլոգիական հնարավորությունները։
Քննելով Հայաստանի ներքաղաքական, սոցիալ-տնտեսական եւ բարոյա-հոգեբանական վիճակը` խորհրդաժողովը մատնանշել է մի շարք բացասական երեւույթներ, որոնք մտահոգիչ են հայոց պետականության համար։
Շեշտվել է, մասնավորապես, արտագաղթի խնդիրը, որն ազգային անվտանգությանը սպառնացող հիմնահարց է։ Այս գործընթացը կասեցնելու համար անհրաժեշտ է համարվել, որ պետությունը որդեգրի արտագաղթի պատճառները վերացնող սոցիալ-տնտեսական եւ այլ բնույթի համալիր ծրագիր։ ՀՅԴ Հայաստանի կազմակերպությունը մշակել է նման ծրագրի համար իր առաջարկների փաթեթը, որը կներկայացվի հանրությանը։
Քննելով հայաստանամերձ տարածաշրջանի կացությունը` խորհրդաժողովը հաստատել է.
• Տարածաշրջանում տեղի են ունենում բախտորոշ գործընթացներ, որոնք հանգեցնելու են գլոբալ փոփոխությունների։ Այս փոփոխություններին ենթակա է նաեւ հարավկովկասյան շրջանը՝ նոր մարտահրավերների առջեւ կանգնեցնելով մեր երկիրը։
• Հայաստանի որդեգրած արտաքին քաղաքականությունը ներկայումս ենթակա է փորձության։ Մեր պետականությունը գտնվում է Ռուսաստանի եւ Արեւմուտքի միջեւ նոր հավասարակշռության կայացման շեմին։
• Առկա մարտահրավերները դիմագրավելու համար Հայաստանի Հանրապետությունը պետք է ամրապնդվի ներքնապես, միատեղի համայն հայության ներուժը, հստակեցնի եւ վարի նպատակային ու ակտիվ արտաքին քաղաքականություն։
• Խորհրդաժողովը արձանագրեց, որ ՀՅԴ-ն չի հանդուրժի որեւէ ոտնձգություն ԼՂՀ պետականության եւ բնակչության անվտանգության դեմ։ Այս տեսանկյունից կարեւոր է ԼՂՀ միջազգային ճանաչման գործընթացին նոր թափ տալը։
• Ցեղասպանության 100-րդ տարելիցը առիթ պետք է ծառայի ուժեղացնելու Հայ Դատի ուղղությամբ իրականացվող աշխատանքները, բանաձեւելու նոր հանգրվանի շեմին հայության պահանջատիրական թիրախները եւ ընդլայնելու Հայ Դատի ուղղությամբ տարվող աշխատանքների բովանդակությունն ու աշխարհագրությունը։
• Կարեւորելով քաղաքական փոխհարաբերությունների առաջնահերթությունները` Հայաստանը պետք է ձգտի բազմակողմ տնտեսական-քաղաքական կապերի՝ ապահովելով իր համար անկախ քաղաքականության երաշխիքներ։
• Խորհրդաժողովը քննարկեց Միջին Արեւելքի երկրներում տեղի ունեցող զարգացումներն ու տեղի հայության եւ ի մասնավորի սիրիահայության վերաբերող հարցերը։ Սիրիահայության խնդիրը, պետական, ազգային եւ կուսակցական առումով մեզ համար մնում է հիմնական առաջնահերթություն։ Սիրիահայության նյութական ու տնտեսական ծանր կացությունը թելադրում է օժանդակության ապահովման խնդիրը դիտել որպես ամենօրյա եւ տեւական աշխատանք։ Միաժամանակ հայության վտանգված հատվածի բազմակողմ հիմնահարցերը լուծելու նպատակով անհրաժեշտ է թափ հաղորդել երկրների կառավարությունների եւ միջազգային կազմակերպությունների հետ աշխատանքին։
Նաև նշվել է, որ Հայաստանի ու Սփյուռքի ամբողջական համարկումը տեւական գործընթաց է, որ կարելի է անխոչընդոտ առաջ տանել` կենտրոնանալով դրական ձեռքբերումների եւ երկուստեք հստակեցված թիրախների վրա։
Խորհրդաժողովը հաստատել է, որ Հայությանն ու Հայաստանին ծառայության համար կուսակցության հզորացումը հայրենիքում և Սփյուռքում մնում է առաջնահերթություն, որի ուղղությամբ անհրաժեշտ է ձեռնարկել համապատասխան քայլեր։
‘