‘ՀՅԴ ներկայացուցիչը՝ Ս. Սարգսյանի երդմնակալությանը մասնակցելու մասին. «Օրը կգա, բարին՝ հետը»’

748

Դաշնակցությունը դեռ չգիտի՝ կմասնակցի՞ արդյոք ապրիլի 9-ին Սերժ Սարգսյանի՝ մարզահամերգային համալիրում տեղի ունենալիք երդմնակալության արարողությանը:

«Օրը կգա, բարին՝ հետը», — այսպես պատասխանեց ՀՅԴ ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Աղվան Վարդանյանը iLur.am-ի հարցին՝ որտե՞ղ կլինի Դաշնակցությունը ապրիլի 9-ին՝ մարզահամերգային համալիրու՞մ, թե՞ գուցե կմասնակցի «այլընտրանքային» երդմնակալության արարողությանը, որի մասին հայտարարել են Րաֆֆի Հովհաննիսյանն ու նրա համախոհները:

«Իսկ դուք գիտե՞ք՝ որտեղ է լինելու Րաֆֆի Հովհաննիսյանը ապրիլի 9-ին», — հարցին հարցով պատասխանեց պարոն Վարդանյանը: Նա հիշեցրեց, որ փետրվարի 18-ից հետո ՀՅԴ ներկայացուցիչները Ազատության հրապարակի հարթակից երկու, իր խոսքով, հստակ ելույթներ են ունեցել՝ տալով իրենց գնահատականները ընտրությունների արդյունքների վերաբերյալ:

«Հետո արդեն՝ մենք այն տեսակը չենք, որ միկրոֆոն տեսնենք ու վազենք՝ առանց մեր հստակ ասելիքն ունենալու: Երբ չգիտես, թե նույն հրապարակի առաջնորդը ինչ է մտադիր անել, թե որն է հաջորդ քայլը… Աբսուրդ կլինի, որ ասենք մի բան, բայց հետո պարզվի՝ Րաֆֆիի ծրագրերն այլ էին», — նշեց Աղվան Վարդանյանը:

Անուամենայնիվ, նրա խոսքով՝ Դաշնակցությունը շարժման կողքին է, եւ արդեն ներկայացրել է ճգնաժամից գուրս գալու իր ծրագիրը. 1. ԸՕ-ում փոփոխություններ իրականացնել՝ անցում կատարելով ամբողջովին համամասնական ընտրակարգին, վերականգնել արտերկրում բնակվող քաղաքացիների ընտրական իրավունքը: 2. Երկու տարվա ընթացքում սահմանադրական հանրաքվե անցկացնել՝ անցում կատարելով խորհրդարանական կառավարման համակարգի, դրանից հետո անցկացնել ԱԺ նոր ընտրություններ: 3. Ընդունել, որ ընդդիմությունը եւ իշխանությունը միեւնույն քաղաքական համակարգի մասնիկներն են, եւ օրվա ընդդիմությանը վերապահել լուրջ վերահսկողական գործառույթներ:

 

ՀՅԴ-ն ողջունում է Ր. Հովհաննիսյան-Ս. Սարգսյան նամակագրությունը

Րաֆֆի Հովհաննիսյանի եւ Սերժ Սարգսյանի միջեւ վերջին շրջանում մեկնարկած նամակագրությունը, ըստ Աղվան Վարդանյանի, դրական միտում է:

«Ունենք մի իրավիճակ, որը լուծում է պահանջում: Առճակատումից լավ բան դուրս չի գա», — լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց նա:

 Ընդ որում, ըստ նրա՝ հանգուցալուծումը գտնվում է բացառապես քաղաքական դաշտում: «Ինչ-որ մի բան կարծես թե շարժվել է, սկզբում անջրպետն ավելի անթափանց էր: Կա երկու կողմ՝ Րաֆֆի Հովհաննիսյանը, որը մարմնավորում է շարժումը, եւ իշխանությունը, որը պակաս պատասխանատու չէ գործընթացների համար, քանի որ այնպես չէ, որ այս ընդվզումը կմարի, կգնա», — եզրափակեց պարոն Վարդանյանը: 

Նախորդ հոդվածը‘Վահագն Խաչատրյան. Երեւանի ավագանու ընտրություններին կեղծիքներ կլինեն (Տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Պայքար՝ հանուն հարմարվողականության’