‘ՀՅԴ-ն դեմ է մենաշնորհներին. Ղարաբաղում’

846

ԼՂՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցությունը դեմ է քվեարկել խորհրդարանում երկրորդ ընթերցմամբ ներկայացված «Ընդերքի մասին օրենսգրքին» եւ «Բնապահպանական վերահսկողության մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթին։ Փոխանցում է ղարաբաղյան Aparaj.am կայքը:

Ըստ խմբակցության քարտուղար Կամո Բարսեղյանի` առաջին ընթերցման ժամանակ ներկայացվել է նույն օրենքի հայաստանյան համանման տարբերակը, սակայն երկրորդ ընթերցման ժամանակ օրենքի փաթեթում տեղ գտած առաջարկություննեի ու փոփոխությունների մի մասն ընդունելի չեն եղել: Ըստ այդմ, նախագծով առաջարկվում է «ընդերք օգտագործման իրավունք ստացած անձի կողմից` կառավարության հավանությանն արժանացած ընդհանուր գումարով  40 000 000 000 ՀՀ դրամը գերազանցող ներդրումային ծրագիր իրականացնելու դեպքում սույն հոդվածի երկրորդ մասով սահմանված ժամկետը երկարաձգել կառավարության որոշմամբ սահմանված` մինչեւ 3 տարի ժամկետով»: Այսինքն, եթե այդ գումարը շատանում է, դրան եւս 3 տարի է ավելանում  նվազագույն հարկերով եւ արդյունքում պետությունը զրկվում է իր եկամուտներից:

Խնդրահարույց է նաեւ ընդերքօգտագործման իրավունքի ժամկետների հարցը: Առաջին տարբերակում նշվում էր, որ օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական  ուսումնասիրության թույլտվությունը տրվում է 3 տարին չգերազանցող ժամկետով, որն ընդերքօգտագործողի ներկայացրած դիմումի հիման վրա կարող է երկարաձգվել միմյանց հաջորդող 3 ժամանակահատվածի համար` յուրաքանչյուր անգամ 2 տարուց ոչ ավելի ժամկետով: Իսկ փոփոխված տարբերակում հոդվածն այսպիսինն է. «Կառավարության հավանությանն արժանացած` հատուկ նշանակություն ունեցող ընդերքօգտագործման ծրագրի շրջանակներում ընդերքի երկրաբանական ուսումնասիրության նպատակով` կառավարության կողմից սահմանված` 20 տարին չգերազանցող ժամկետով, որը կարող է երկարաձգվել կառավարության որոշմամբ»:

«Ի՞նչ ասել է 20 տարի ժամկետով տալ տարածք ընդերքի  ուսումնասիրության համար, այն դեպքում, երբ մեկ ուրիշը, ով ավելի մեծ ֆինանսական միջոցներ, ավելի մեծ մասնագիտական խումբ ունի եւ այդ ուսումնասիրությունը կարող է կատարել 3 տարում, բնականաբար, չի կարողանալու կատարել այդ ուսումնասիրությունները, քանզի այդ տարածքները արդեն իսկ 20 տարի ժամանակահատվածով տրամադրվել է մի կազմակերպության, որը դեռ հայտնի չէ, թե ինչպիսի արդյունքներ է արձանագրելու:  Ելնելով տարածաշրջանի տնտեսական իրավիճակից, մեզ անհրաժեշտ է ճկուն քաղաքականություն վարել եւ երկրի ներքին  հարստությունը տեղին օգտագործել: Հայաստանյան համանման օրենքը վերահսկողության մեծ հնարավորություններ է տալիս»,- կայքի հետ զրույցում ասել է խմբակցության ղեկավար Արմեն Սարգսյանը:  

Մանրամասներն՝ այստեղ 

Նախորդ հոդվածը‘Տաջիկստանի նախագահն իր որդուն նշանակել է երկրի գլխավոր մաքսավոր’
Հաջորդ հոդվածը‘Ֆրանսիայում մտածում են՝ ի՞նչ անել մարմնավաճառներին և նրանց հաճախորդներին’