‘
iLur.am-ի հետ զրույցում ասում է ՀՅԴ փոխներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը
— Պռոշյանի գյուղապետ, ՀՅԴ-ական Հրաչ Մուրադյանի սպանությունից հետո ՀՅԴ-ն հայտարարություն տարածեց`սպանությունը որակելով քաղաքական: Ինչո՞ւ եք այդպես կարծում:
— Մենք այդպես մտածելու որոշակի հիմքեր ունենք, եւ այդ հիմքերից ելնելով էլ հնչեցրել ենք մեր գնահատականը:
— Սովորաբար, հանցագործությունից հետո հարց է հնչում` ո՞ւմ էր դա ձեռնտու: Ձեր կարծիքով` ո՞ւմ էր ձեռնտու գյուղապետի սպանությունը:
— Ես չեմ կարծում, որ միայն այս սկզբունքը պետք է նկատի ունենալ այս դեպքում, որովհետեւ շատ հաճախ այդ սկզբունքը կարող է մեզ սխալ ուղով տանել: Ես չեմ ուզում հեռուն գնացող ենթադրություններ անել: Նախաքննական մարմինները զբաղվում են այդ հարցերով, եւ եթե առաջիկայում մենք գործի բացահայտման հետ կապված ռեալ արդյունքներ չտեսնենք, ապա բացահայտման ինքնուրույն քայլեր կձեռնարկենք:
— 2012թ. սեպտեմբերին կայացած ՏԻՄ ընտրությունների ժամանակ Հրաչ Մուրադյանի մրցակիցը ՀՀԿ-ական Արթուր Մուրադյանն էր, որի հետ ընտրություններից հետո նույնիսկ բախումներ էին եղել: Կարելի՞ է ենթադրել, որ այս սպանությունը քաղաքական որակելով, ՀՅԴ-ն ակնարկում է իշխանություններին, մասնավորապես` ՀՀԿ-ին:
— Խոսքն ընդհանուր մթնոլորտին է վերաբերում: Մեր երկրում կա անհանդուրժողականություն, անպատժելիության մթնոլորտ, եւ այդ պայմաններում ամեն մի տականք ու թափթփուկ կարող է իրեն իրավունք վերապահել ինչ-ինչ հարցեր կարգավորել իր ուզած ձեւերով, ձեռք բարձրացնել այն մարդկանց վրա, ովքեր լուրջ ներդրում ունեն մեր երկրի անկախության կայացման եւ Արցախի ազատագրության հարցում: Սա մեր ընդհանուր ցավն ու ողբերգությունն է:
— Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը մի տեսակ հեգնանքով էր արտահայտվել Հրաչ Մուրադյանի հասցեին` ասելով, որ նա միջին գյուղապետ էր, «այսպես ասած՝ կռված տղա էր»:
— Երբ մենք խոսում ենք ընդհանուր մթնոլորտի մասին, նաեւ դա նկատի ունենք: Նույն Կոտայքի մարզպետն իր այդ արտահայտություններից հետո առնվազն բարոյական հիմք չունի պաշտոնավարելու, էլ չեմ ասում հրապարակավ ներողություն խնդրելու մասին:
— Ի դեպ, խոսենք նաեւ ներքաղաքական վերջին զարգացումներից. ՀՅԴ—ն միացել էր Րաֆֆի Հովհաննիսյանի հետընտրական շարժմանը: Ձեզ համար որքանո՞վ է այսօր ընկալելի Ժառանգություն կուսակցության ու նրա առաջնորդի քայլերը:
— Մենք մշտապես հայտարարել ենք ու այսօր էլ կրկնում ենք` բոլոր այն դեպքերում, երբ համապատասխան քայլերը կձեռնարկվեն համատեղ քննարկումների ու որոշումների արդյունքում, մենք պատրաստ ենք դրանց տեր կանգնել ու գնալ մինչեւ վերջ: Իսկ այն որոշումները, որոնք կկայացվեն առանց մեզ հետ խորհրդակցելու, առանց մեզ հետ քննարկելու, մենք իրավունք ենք վերապահում ինքներս որոշել` աջակցել դրանց կամ ոչ` ելնելով ըստ նպատակահարմարության:
— Ապրիլի 9-ին ի՞նչ է սպասվում: Օրինակ այդ հարցը քննարկվե՞լ է «Ժառանգության» հետ, թե՞ ոչ:
— Դեռ որոշակիություն չկա, որովհետեւ մեզ համար նաեւ պարզ ու հստակ չէ` ինչ քայլեր է մտադիր ձեռնարկել Րաֆֆի Հովհաննիսյանը: Եթե որոշակիություն լինի, մենք էլ կհասկանանք քայլերի տրամաբանությունը, ըստ այդմ համապատասխան որոշում կունենանք:
Արման Գալոյան
‘