‘Հյուսիսային Իռլանդիայում բախումների ընթացքում տուժել է 26 ոստիկան’

870

Ուրբաթ երեկոյան Բելֆաստում բախում է տեղի ունեցել բողոքականների և կաթոլիկների միջև, որի արդյունքում տուժել են 26 ոստիկաններ, ովքեր փորձել են կանխել բռնությունը: Այդ մասին այսօր հաղորդել է BBC News-ը: Անկարգություններն սկսվել են Իռլանդիայի միավորման համար պայքարող կաթոլիկների շքերթի ժամանակ: Բողոքական համայնքի անդամները, որոնք Հյուսիսային Իռլանդիան Միացյալ Թագավորության կազմում պահելու կողմնակիցներ են, փորձել են նրանց առջև փակել դեպի քաղաքի կենտրոն տանող ճանապարհը:

Նրանք նաև հարձակվել են ոստիկանության վրա և քարեր ու շշեր նետել նրանց ուղղությամբ: Ամբոխը ցրելու նպատակով ոստիկանությունը կիրառել է ռետինե փամփուշտներ, ջրցան մեքենաներ ու նաև շներ: Տուժած 26 ոստիկաններից հինգը հոսպիտալացվել են: Իրավապահ մարմինների տվյալներով՝ իրենց գործողություններից տուժել են ընդամենը երկու քաղաքացիներ: Անկարգությունների ընթացքում հրկիզվել են մի քանի ավտոմեքենաներ, և կոտրվել են խանութների ցուցափեղկերը: Հյուսիսային Իռլանդիայի կաթոլիկների և բողոքականների միջև հակամարտությունն արդեն մի քանի հարյուրամյակի պատմություն ունի: 1998 թ. Բելֆաստի համաձայնագրի ընդունումից հետո, որը կարգավորում է հարաբերությունները Հյուսիսային Իռլանդիայի և Անգլիայի միջև (մասնավորապես՝ համաձայնագիրը նախատեսում է Հյուսիսային Իռլանդիայում իշխանության ինքնավար մարմինների ստեղծում), բացահայտ բախումներ ու բողոքի ցույցեր ավելի հազվադեպ են տեղի ունենում, փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Ավագանու ՀՀԿ-ական անդամն ակտիվիստներին «կապիկություն անող անհաջող երիտասարդություն է համարում»’
Հաջորդ հոդվածը‘Ջրաչափերը կտեղափոխվեն դուրս’