Հյուսիսային Կորեան հայտարարել է սուզանավից բալիստիկ հրթիռ արձակելու մասին

546

ԿԺԴՀ պետական զանգվածային լրատվամիջոցները հաղորդել են բալիստիկ հրթիռի հաջող փարձարկման մասին, որն արձակվել է սուզանավից։

Այդպիսով, ԿԺԴՀ-ն հաստատել է հրթիռի արձակման մասին այն լուրը, որը երեքշաբթի հրապարակել էր Հարավային Կորեան։

Ինչպես հաղորդել է հյուսիսկորեական կենտրոնական հեռագրական գործակալությունը, հրթիռում օգտագործվել են «կառավարման և նշանառության բազմաթիվ ժամանակակից տեխնոլոգիաներ», և այն արձակվել է նույն սուզանավից, ինչ նախորդ՝ 2016 թ․ փորձարկման ժամանակ, երբ ԿԺԴՀ-ն այդ զենքի ավելի հին վարկածն էր փորձարկել։

Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան հայտարարել է Հյուսիսային Կորեայի արձակած երկու հրթիռների մասին և դա անվանել է «ափսոսանքի արժանի իրադարձություն»։

ТАСС գործակալության աղբյուրները տեղեկացնում են, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը մտադիր է փակ ռեժիմով քննարկելու ԿԺԴՀ-ի նոր հրթիռային փորձարկումները, որոնք կարող են դիտարկվել որպես Հյուսիսային Կորեայի դեմ սահմանված միջազգային պատժամիջոցների խախտում։ ՄԱԿ-ն ուղղակիորեն արգելում է միջուկային զենքի և բալիստիկ հրթիռների փորձարկումները, որոնք ավելի վտանգավոր են համարվում, քան թևավոր հրթիռները․ նրանք ընդունակ են կրելու ավելի հզոր մարտագլխիկներ, ավելի մեծ արագությամբ են օժտված և ավելի մեծ հեռահարություն ունեն։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըԱռաջին տրանսգենդեր ծովակալը ԱՄՆ-ում
Հաջորդ հոդվածըՀԴԲ-ն խուզարկում է Օլեգ Դերիպասկայի ընտանիքին պատկանող տները Վաշինգտոնում և Նյու Յորքում