‘Հյուսիսային Կորեան սպառնում է պատերազմ հայտարարել ԱՄՆ-ին ՝ Կիմ Չեն Ինի մասին ֆիլմի պատճառով ‘

784

Հյուսիսային Կորեան խոստացել է «անողոք կերպով պատժել» ԱՄՆ-ին, եթե էկրան բարձրանա Կիմ Չեն Ինի սպանության մասին պատմող ամերիկյան նոր մարտաֆիլմը:

ԿԺԴՀ արտաքին գործերի նախարարության ներկայացուցչի խոսքով՝ ֆիլմի ցուցադրումը կնշանակի պատերազմ հայտարարել: Նա չի նշել ֆիլմի անունը, սակայն հայտնի է, որ հոկտեմբերին տեղի է ունենալու  «Հարցազրույց» ֆիլմի պրեմիերան: Այդ սուր կինոկատակերգությունում գլխավոր դերակատարներն են դերասաններ Ջեյմս Ֆրանկոն և Սեթ Ռոգանը: Նրանք կատարում են հեռուստահաղորդավարի և պրոդյուսերի դերերը, որոնք ժամանել են Փհենյան՝ Կիմ Չեն Ինից հարցազրույց վերցնելու, սակայն հավաքագրվում են ԿՀՎ-ի կողմից՝ հյուսիսկորեական առաջնորդին սպանելու նպատակով: YouTube-ում տեղադրված տեսահոլովակի կադրերում Կիմ Չեն Ինին նման դերասան է, կան նաև մարտերի և միջուկային հրթիռներ արձակելու տեսարաններ:

«Նման ֆիլմի նկարահանումն ու թողարկումը՝ մեր առաջնորդին սպանելու թեմայով, ագրեսիայի և ահաբեկչության անթույլատրելի ակտ է»,- ասվում է ԿԺԴՀ պաշտոնական լրատվական գործակալության տարածած հաղորդագրությունում:

Ի դեպ, անցյալ շաբաթ վկայություններ հայտնվեցին այն մասին, որ Փհենյանը շարք է մտցնում հրթիռային տեխնիկայի նոր նմուշներ:

Հյուսիսային Կորեայում այժմ կա  երեք ձերբակալված ամերիկացի:

Սեթ Ռոգենը, որը նաև «Հարցազրույց» ֆիլմի ռեժիսորներից մեկն է, ասել է, որ կինոնկարի գաղափարը ծնվել է Հյուսիսային Կորեա այցելած լրագրողների պատմածներից: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Պոմպակայանի աշխատակցին տևական ժամանակ է չեն կարողանում գտնել. հնարավոր է՝ ընկել է Արաքս գետը’
Հաջորդ հոդվածը‘Վերաքննիչ դատարանը կասեցրել է Մարզահամերգային համալիրն աճուրդի հանելու որոշումը’