Հյուսիսային Օսեթիայի անցակետում զորակոչային կետ է բացվելու

159

Հյուսիսային Օսեթիայում, Վրաստանի հետ սահմանային «Վերին Լարս» անցակետում, մոտ ժամանակներս  զորակոչային կետ կբացվի, Telegram-ում հաղորդել է շրջանի ՆԳՆ վարչությունը։

Նման որոշում են ընդունել տրանսպորտի հոսքի աննախադեպ մեծացման առիթով գումարված  խորհրդակցության մասնակիցները։

Հանդիպմանը մասնակցել են Հյուսիսային Օսեթիայի ներքին գործերի նախարարը, պետավտոտեսչության պետը, ԱԴԾ սահմանապահ վարչության և Հյուսիսօսեթական մաքսատան ղեկավարները։

«Չնայած ձեռնարկված միջոցառումներին՝ իրավիճակը շարունակում է ծայրաստիճան լարված մնալ։ Որոշում է կայացվել քաղաքացիներին թույլ տալ հետիոտն անցնել սահմանը, նաև նշվել են հետագա մի շարք միջոցառումներ՝ ճանապարհային երթևեկության անվտանգության և կարգապահության նկատառումներով։ Բացի այդ, անցակետում մոտ ժամանակներս զինկոմիսարիատի զորակոչային կետ կբացվի»,- ասվում է հրապարակման մեջ։

Նախորդ օրը Հյուսիսային Օսեթիայի կառավարության մամուլի ծառայությունը հաղորդել է, որ մոտավորապես 3500 մարդատար ավտոմեքենաներ կուտակվել են «Վերին Լարսում»՝ Վրաստանի տարածք անցնելու համար։

Երկուշաբթի ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ իրեն ոչինչ հայտնի չէ, որ Ռուսաստանում մասնակի զորահավաք հայտարարելու կապակցությամբ հնարավոր է՝ սահմանները փակվեն, դրա մասին որևէ որոշում չի ընդունվել։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածըՇվեդիայի պատվիրակությունը կայցելի Թուրքիա
Հաջորդ հոդվածըԳութերիշը կոչ է արել փակել «միջուկային շանտաժի» դարաշրջանը