‘«Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղին իշխանությունների հերթական մեծ բլեֆն է’

1270

«Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղին ինքն իրենով հիշեցնում է իշխանությունների հերթական մեծ բլեֆը, ինչպես օրինակ՝ Հայաստան-Իրան երկաթուղու շինարարությունը, նոր ատոմակայանի շինարարությունը, Դիլիջանը միջազգային ֆինանսական կենտրոն դարձնելը և այլն: Հիշեցնենք, որ 556 կիլոմետրանոց ժամանակակից, արագընթաց ավտոմայրուղին պետք է կապի Մեղրին հայ-վրացական սահմանին գտնվող «Բավրա» անցակետին: Ըստ Հայաստանի կառավարության, ճանապարհի կառուցումը կարժենա 962 միլիոն ԱՄՆ դոլար, որից 500 միլիոնը վարկի տեսքով տրամադրելու է Ասիական զարգացման բանկը:

Դեռ երբ մայրուղու շինարարությունը չէր սկսվել մասնագետները կասկածներ էին հայտնում, որ ընդհանրապես հնարավոր է լինելու կառուցել ճանապարհի Մեղրի-Եղեգնաձոր հատվածը: Նրանցից ոմանք նույնիսկ պնդում էին, որ դա հնարավոր չէ և ավտոճանապարհի շինարարությունը չի ավարտվելու: Բայց արի ու տես, որ շինարարությունը, ճիշտ է ուշացումով, բայց սկսվեց: Իհարկե սկսվեց ճանապարհի ամենահեշտ և հարթ հատվածում: Այժմ էլ պարզվում է, որ «Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղու շինարարությունը մի քանի ամիս է, ինչ դադարեցված է: Այդ մասին «Ազատության» հետ զրույցում տեղեկացրել է Ասիական զարգացման բանկի գործունեության նկատմամբ վերահսկողություն իրականացնող ՀԿ-ների միջազգային ֆորումի հայաստանյան ներկայացուցիչ Սիլվա Ադամյանը:

Նրա խոսքով՝ ճանապարհի կառուցումը դադարեցված է դեռ անցած տարվա նոյեմբերից:

«Մենք մոնիտորինգ ենք արել Երևան — Աշտարակ և Երևան — Արարատ կետերը: Ցավում եմ, մենք մտածում էինք, որ մոնիտորինգի կարիք հետո չի լինի, որովհետև այդ կետերը արագ կկառուցվեն, որովհետև այնտեղ նույնիսկ ճանապարհը չէր կառուցվում, պետք է վերակառուցվեր՝ ուղղակի լայնարար: Բայց հիմա արդեն 2014 թվականն է, և երբ գնում ենք շինարարության կետերը, մենք տեսնում ենք, որ այնտեղ 15-20 կմ, ավելին գործ արված չէ։ Կարող ենք ասել, որ ծրագրի իրականացումը ձախողվել է: Նախ երեք տարի ուշացումով սկսեցին շինարարական աշխատանքները, որի պատճառով որպես տուգանք Հայաստանը վճարեց մոտ 300 հազար դոլար: Եվ այժմ էլ տեսնում ենք, որ ամիսներով շինաշխատանքներ չեն ընթանում», — փոխանցեց Ադամյանը՝ հավելելով․ — «Խայտառակ իրավիճակ է: Ես չեմ կարողանում ուղղակի հասկանալ, ե՞րբ պետք է այս խայտառակությունն ուղղակի ավարտվի»:

Ասիական զարգացման բանկի հետ Հայաստանը վարկ ստանալու պայմանագիր կնքեց դեռ 2009-ի սեպտեմբերին, սակայն ճանապարհի կառուցումը սկսվեց միայն երեք տարի անց՝ 2012-ի սեպտեմբերին: Այդ ընթացքում չօգտագործված վարկի համար, մեր պետբյուջեից որպես «պարտավորության վճար» բանկին փոխանցվեց, տարբեր հաշվարկների համաձայն, մոտ 300 հազար դոլար: Ինչը, ի դեպ, հաստատեց, բանկի ներկայացուցիչ Դևիդ Դոլը՝ 2012-ի ապրիլին Երևանում կայացած ասուլիսին:

Ռադիոկայանը դիմել է նաև ճանապարհը կառուցող իսպանական «Կորսան Կորվիամ Կոնստրուքսյոն Էս Ա» ընկերության հայաստանյան գրասենյակ, թե ինչու՞ է դադարեցվել շինարարությունը: Այնտեղից փոխանցել են, թե լրատվամիջոցների հետ շփվում են միայն վերը նշված ՊՈԱԿ-ի միջոցով, քանի որ «ընկերությունն այդպիսի որոշում է կայացրել»:

Իր հերթին ՊՈԱԿ-ի Գլխավոր գործադիր տնօրեն Արթուր Սարգսյանը նշել է, որ շինարարական աշխատանքները դադարեցված են ժամանակավորապես և կվերսկսվեն մարտից: «Հաշվի առնելով, որ ճանապարհի հիմնական աշխատանքները բետոնացման աշխատանքներն են: Հյուսիս-Հարավի Աշտարակից դեպի Երևան և Երևանից դեպի Արտաշատ ընկած հատվածը դա նախ և առաջ ճանապարհի վերակառուցում է, այսինքն օգտագործում ենք առկա ճանապարհը՝ բարձրացնելով կատեգորիան դեպի առաջին, և ծածկը լինելու է բետոնացված: Բետոնացման աշխատանքները տեխնոլոգիայով և մասնագրերով թույլատրվում է անել, եթե կայուն ջերմաստիճանը մեկ սուտկայի լինում է վեց աստիճան պլյուս: Հաշվի առնելով, որ ձմեռային շրջանը սկսվել է դեկտեմբերի 7-ից, շինարարական աշխատանքները դադարեցվել են զուտ տեխնոլոգիական պրոցեսներից ելնելով»,- ՊՈԱԿ-ի Գլխավոր գործադիր տնօրենի խոսքերն է մեջբերում «Ազատություն» ռադիոկայանը:

Սարգսյանը նշել է, որ մայրուղու կառուցումը նախատեսված է ավարտել 2019թ․:

Արդեն իսկ պարզ է, որ ավտոճանապարհի ամբողջական շինարարության մասին խոսք լինել չի կարող և 556 կիլոմետրանոց ժամանակակից, արագընթաց ավտոմայրուղին դա իշխանությունների հերթական բլեֆն է և փողերի յուրացման իդեալական տարբերակ:

Նախորդ հոդվածը‘Պաշտոնից ազատվել է էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալը’
Հաջորդ հոդվածը‘ԵԱՀԿ ղեկավարը մտահոգություն է հայտնել ղարաբաղյան հակամարտության գոտում լարվածության աճի առնչությամբ’