‘«Հյուսիս-հարավ» մայրուղու ծրագիրը ձախողվել է- Միջազգային ֆորումի ներկայացուցիչ’

1261

Անցած տարվա նոյեմբերից ի վեր դադարեցված են «Հյուսիս-հարավ» մայրուղու կառուցման աշխատանքները, տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանը: 

556 կիլոմետրանոց ժամականակակից, արագընթաց ավտոմայրուղին պետք է կապի Մեղրին հայ-վրացական սահմանին գտնվող «Բավրա» անցակետին: Ըստ Հայաստանի կառավարության, ճանապարհի կառուցումը կարժենա 962 միլիոն ԱՄՆ դոլար, որից 500 միլիոնը վարկի տեսքով տրամադրելու է Ասիական զարգացման բանկը:

«Մենք մոնիտորինգ ենք արել Երևան — Աշտարակ և Երևան — Արարատ կետերը: Ցավում եմ, մենք մտածում էինք, որ մոնիտորինգի կարիք հետո չի լինի, որովհետև այդ կետերը արագ կկառուցվեն, որովհետև այնտեղ նույնիսկ ճանապարհը չէր կառուցվում, պետք է վերակառուցվեր՝ ուղղակի լայնարար: Բայց հիմա արդեն 2014 թվականն է, և երբ գնում ենք շինարարության կետերը, մենք տեսնում ենք, որ այնտեղ 15-20 կմ, ավելին գործ արված չէ։ Կարող ենք ասել, որ ծրագրի իրականացումը ձախողվել է: Նախ երեք տարի ուշացումով սկսեցին շինարարական աշխատանքները, որի պատճառով որպես տուգանք Հայաստանը վճարեց մոտ 300 հազար դոլար: Եվ այժմ էլ տեսնում ենք, որ ամիսներով շինաշխատանքներ չեն ընթանում», — ռադիոկայանի հետ զրույցում հայտարարել է Ասիական զարգացման բանկի գործունեության նկատմամբ վերահսկողություն իրականացնող ՀԿ-ների միջազգային ֆորումի հայաստանյան ներկայացուցիչ Սիլվա Ադամյանը:

Ասիական զարգացման բանկի հետ Հայաստանը վարկ ստանալու պայմանագիր կնքեց դեռ 2009-ի սեպտեմբերին, սակայն ճանապարհի կառուցումը սկսվեց միայն երեք տարի անց՝ 2012-ի սեպտեմբերին: Այդ ընթացքում չօգտագործված վարկի համար, մեր պետբյուջեից որպես «պարտավորության վճար» բանկին փոխանցվեց, տարբեր հաշվարկների համաձայն, մոտ 300 հազար դոլար: Ինչը, ի դեպ, հաստատեց, բանկի ներկայացուցիչ Դևիդ Դոլը՝ 2012-ի ապրիլին Երևանում կայացած ասուլիսին:
Հաջորդ սկանդալը «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի տնօրենի Արա Հովսեփյանի պաշտոնանկությունն էր: Տրանսպորտի և կապի նախարարության կազմում գործող երկարաշունչ անունով այդ ՊՈԱԿ-ն է Հայաստանի կառավարության կողմից իրականացնում ծրագիրը, և 2013-ի ապրիլին նախարար Գագիկ Բեգլարյանի հրամանով  Հովսեփյանը ազատվեց աշխատանքից: Պաշտոնական հաղորդագրության մեջ նշված չէր, թե ինչի համար է պաշտոնանկ արվել Արա Հովսեփյանը: Մամուլը գրեց թե չարաշահումներ են եղել, իսկ Վերահսկիչ պալատի ստուգման արդյունքում թերացումներ ի հայտ եկան:

Ամբողջական հոդվածը` այստեղ

Նախորդ հոդվածը‘«Նիկոլ Աղբալյան» միությունը կոչ է անում վաղը լինել ԱԺ-ի մոտ ‘
Հաջորդ հոդվածը‘Հայաստանի բանկային համակարգով իրականացվող մասնավոր անձանց տրանսֆերտների ներհոսքը 2013-ին ավելացել է 10.8%-ով ‘