‘«Հյուրիեթ». Թուրքիան Հայաստանին առաջարկել է մասնակցել տարածաշրջանային նախագծին’

736

Hurriyet Daily News թուրքական պարբերականի պնդմամբ՝ Անկարան Երևանին առաջարկել է մասնակցել տարածաշրջանային նախագծին այն դեպքում, եթե Լեռնային Ղարաբաղի հարցում առաջընթաց լինի, ինչպես նաև՝ այդ առաջարկը ներկայացրել է ԵԱՀԿ Մինսկի խմբին:

Թուրքիան Հայաստանին առաջարկում է միանալ տարածաշրջանային տրանսպորտային նախագծին, որը կապելու է Եվրոպան և Ասիան: Պարբերականի տվյալներով՝ Թուրքիան իր նախագիծը Մինսկի խմբին է ներկայացրել 2012 թ. նոյեմբերին Վիեննայում կայացած հանդիպմանը: «Մինսկի խմբի բոլոր երկրները դրանական արձագանքեցին նախագծին»,- ասել է թերթի աղբյուրը: Ըստ Hurriyet-ի՝ առաջարկված նախագիծը կազմված էր երկու փուլից.  նախ՝ հաղորդակցության հաստատում Թուրքիայի, Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև՝ չօգտագործվող երկաթուղիների վերականգնման և նորերի կառուցման միջոցով: «Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու շինարարությունն ավարտվելու է այս տարվա վերջին, իսկ Թուրքիա-Հայաստան երկաթուղին կարող է վերաբացվել վերականգնողական ոչ մեծ աշխատանքներից հետո»,- գրում է թերթը: Նախագծի երկրորդ փուլով նախատեսվում է տարածաշրջանի երկրների կապերի հաստատում Եվրոպայի և Ասիայի հետ: Լոնդոնի և Պեկինի միջև տրանսպորտային կապը հնարավոր կլինի շուտով՝ «Մարմարայ» նախագծի և Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու ավարտից հետո, իսկ տարածաշրջանում քաղաքական իրավիճակի կարգավորումը Հայաստանին թույլ կտա միանալ այդ ռազմավարական ծրագրին, պնդում են նախագծին մոտ կանգնած աղբյուրները: Թուրքական պարբերականը նաև նշում է, որ Թուրքիան տեղեկացրել է պաշտոնական Բաքվին առաջարկված նախագծի բովանդակությանը: «Մենք հստակ բացատրել ենք, որ այս նախագիծը կարող է իրականացվել միայն այն բանից հետո, երբ Հայաստանը քայլ կատարի խաղաղության ուղղությամբ»: Սակայն Հայաստանը, պարբերականի տեղեկություններով, առայժմ սառն է վերաբերվել այս նախագծին և չի հայտնել իր պաշտոնական դիրքորոշումը ԵԱՀԿ Մինսկի խմբի միջոցով, փոխանցում է Trend-ը:

Նախորդ հոդվածը‘Մոլդովան «կորցրել» է իր օլիմպիական մեդալակրին. Նա փախել է Ադրբեջան’
Հաջորդ հոդվածը‘5 հանդիպումներ, որոնք չարժե բաց թողնել’