‘Հնագետին սպանած Ավգուստին Աբրոյանը կալանավորվել է’

2380

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, հուլիսի 14-ին, ժամը 11.30-ին, ոստիկանության Կոտայքի բաժնում ահազանգ է ստացվել, որ Ակունք գյուղի եկեղեցու մոտ սպանություն է տեղի ունեցել: Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 11.00-ի սահմաններում, Ակունք գյուղում գտնվող «Պողոս Պետրոս» եկեղեցու մոտ, վիճաբանության ժամանակ, 1980 թ. ծնված Ավգուստին Աբրոյանը բութ գործիքով հարվածել է 1955 թ. ծնված Ֆիրդուս Մուրադյանի գլխի հետնամասին, ինչի հետևանքով Մուրադյանը տեղում մահացել է:

Քիչ առաջ տեղեկացանք, որ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը  որոշում է կայացրել Ավգուստին Աբրոյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել կալանավորումը: Ավելի վաղ  սպանված Ֆիրդուս Մուրադյանի հարսը՝ Կարինե Մուրադյանը iLur.am-ին հայտնել էր, որ դատական փորձաքննություն իրականացնելուց հետո պարզվել է, որ Ֆիրդուս Մուրադյանը մահացել է ինֆարկտից, իսկ մարդասպանին ուզում են անմեղ ճանաչել: «Մենք չենք պատրաստվում լռել. նշանակել ենք երկրորդական դատաբժշկական փորձաքննություն, որի արդյունքները դեռ պատրաստ չեն» — նշել էր նա:

Խոսելով դեպքի մասին՝ Կարինե Մուրադյանը նշել էր, որ այդ օրը, ժամը 11-ի սահմաններում, Ավգուստին Աբրոյանը բութ գործիքով հարված է հասցրել Ֆիրդուս Մուրադյանի գլխի հետնամասին, ինչի հետեւանքով էլ վերջինս մահացել է: «Տարածքում իրականացվող պեղումների ժամանակ տեղի է ունեցել թեթեւակի վիճաբանություն, իսկ պատճառը եղել է այն, որ Աբրոյանը մոտեցել է բանվորներին եւ սկսել հայհոյելով ցուցումներ տալ՝ էսպես մի՛ արեք, այնպես արեք: Այդ պահին, որպես մասնագետ, Ֆիրդուս Մուրադյանը մոտեցել է նրան՝ նշելով, որ իրենք իրենց գործը լավ գիտեն, ինչից հետո վեճի են բռնվել, սակայն որոշ ժամանակ անց իրավիճակը հանդարտվել է, եւ բանվորները շարունակել են իրենց աշխատանքը: Հեռանալով տարածքից՝  Ավգուստին Աբրոյանը ինչ-որ բան է վերցրել ավտոմեքենայից եւ հետ գալուն պես՝ բութ գործիքով հետնամասից հարվածել է կեսրարիս գլխին, ինչից հետո նստել է մեքենան ու փախել»,- փոխանցեց Կարինե Մուրադյանը:

Մեր այն հարցին, թե արդյո՞ք նշված գործիքը հայտնաբերվել է, թե ոչ, մեր զրուցակիցը պատասխանել էր, որ Աբրոյանը հենց այդ պահին դիմել է փախուստի, հետեւաբար ոչինչ չի հայտնաբերվել: «Այնուհետեւ՝ ժամը 6-ին ներկայացել է ոստիկանության՝ փորձելով տպավորություն ստեղծել, թե ոչնչից տեղյակ չի եղել»,- նշեց նա:

Կարինե Մուրադյանը հայտնեց նաեւ, որ Ավգուստին Աբրոյանը Արմեն Աբրոյանի եղբայրն է: iLur.am-ի տեղեկություններով՝ Արմեն Աբրոյանը հանդիսանում է Մշակույթի նախարարության աշխատակազմի պատմության եւ մշակութային հուշարձանների պահպանության գործակալության պետը, իսկ գործը քննում է քննիչ Դավիթ Թորոսյանը:

 

Նախորդ հոդվածը‘Աբրահամյանը՝ Հայրապետյանի ձերբակալության մասին. Եթե մարդիկ օրենք են խախտում, մենք ի՞նչ անենք ‘
Հաջորդ հոդվածը‘Տուժողները՝ Վարդան Պետրոսյանի փաստաբանին. «Ես քեզ ճակատից եմ գյուլլելու»’