‘
Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիում կապիկների «արշավանքը» քիչ է մնացել՝ ձախողի ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենի այցի պաշտոնական արարողություններից մեկը: ԶԼՄ-ների հաղորդման համաձայն՝ միջադեպը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Բայդենն այցելել է Հնդկաստանի ազատագրական շարժման առաջնորդ Մահաթմա Գանդիի հուշահամալիր: Երբ Բայդենը կնոջ և Գանդիի թոռնուհու հետ միասին պատրաստվել է լուսանկարվել, հուշահամալիրի տարածքի մանգոյի ծառերի վրա հայտնվել են կապիկներ, որոնք սկսել են ծառերի պտուղները քաղել ու շպրտել այցելուների վրա: Բարեբախտաբար՝ ոչ ոք չի տուժել, սակայն միջադեպը խիստ անհանգստացրել է փոխնախագահի անձնական թիկնազորին և հնդկական անվտանգության ծառայության աշխատակիցներին:
Կապիկներն արդեն առաջին անգամ չէ, որ խանգարում են բարձրաստիճան հյուրերի հանդիպման արարողությունները: Հրապուրվելով պետական օրհներգերի և քայլերգերի մեղեդիներով՝ նրանք սկսում են «ձայնակցել» ու անասելի աղմուկ բարձրացնել, փոխանցում է ИТАР-ТАСС-ը:
‘