‘Հոգեբան. ինքնասպանությանը դիմող ամենախոցելի խումբը անցումային շրջանում գտնվող մարդիկ են ‘

2685

Ինքնասպանությունների և ինքնասպանության փորձերի թիվը Հայաստանում օրեցօր աճում է: iLur.am-ը զրուցել է հոգեբան Միհրդատ Մադաթյանի հետ՝ պարզելու համար ինքնասպանության դրդող պատճառները:

— Ի՞նչը կարող է դրդել ինքնասպանության:

— Ինքնասպանության սովորաբար դիմում են հոգեպես անհավասարակշիռ մարդիկ: Մարդու հոգեբանության հիմքում ընկած են լուրջ ինքնապաշտպանական մեխանիզմներ, որոնք կարող են խանգարվել միայն հոգեկան հիվանդության առկայության դեպքում: Նման հոգեկան խանգարումները կարող են պայմանավորված լինել ինչպես գենետիկորեն, այնպես էլ իրավիճակով: Վերջինիս դեպքում ինքնասպանությունների հիմքում ընկած է անելանելիության զգացումը, ինչը մարդուն բերում է այն մտքին, որ իրավիճակի միակ ու ամենալավ լուծումը տոտալ փախուստն է այդ իրավիճակից, այսինքն՝ ինքնասպանությունը:
Ինքնասպանությունների թվի ավելացման մեջ իրենց ուրույն և լուրջ դերն ունեն այսօր Հայաստանում անպատժելիորեն գործող ամենատարբեր կրոնական աղանդները, երիտասարդական որոշակի շարժումներ՝ էմոներ, գոթեր, որոնց գաղափարախոսության հիմքում ընկած է ինքնասպանությունը, արդեն բավականին տարածում գտած սեռական ոչ ավանդական կողմնորոշումը, ինչը հաճախ, հակասության մեջ մտնելով հասարակության կարծիքի հետ, բերում է նման արտահայտումների:

— Արդյոք սոցիալական վատ վիճակը կարո՞ղ է դրդել ինքնասպանության:

— Սոցիալական ծանր վիճակը, մանավանդ՝ երբ այն տևական բնույթ է կրում, նույնպես կարող է լուրջ դեպրեսիվ էպիզոդի պատճառ հանդիսանալ և հանգեցնել ինքնասպանության: Այստեղ արդեն մարդն իրեն հասունացնում է որպես իրավիճակը կառավերելու անկարող, իր և իր ընտանիքի սոցիալական ծանր վիճակի համար վերջնական մեղավոր, լիարժեք պատասխանատու և իրավիճակի լուծում է տեսնում սեփական անձի ոչնչացումը՝ համարելով, որ դրանով կլուծի եղած խնդիրը և շանս կտա իր ընտանիքի մյուս անդամներին՝ այլ ճանապարհ ընտրել և դուրս գալ նման իրավիճակից:

— Ո՞ր տարիքային, սոցիալական և գենդերային խումբն է ավելի խոցելի։

— Այս առիթով կան որոշակի սոցիոլոգիական հետազոտություններ, սակայն դրանք օբյեկտիվ համարելը սխալ կլիներ, քանզի այս պարագայում, հասկանալի պատճառներով, կա տեղեկատվության թերություն և խեղում: Ամենախոցելի խմբերը անցումային շրջանում գտնվող մարդիկ են, սոցիալապես անապահովները:

— Ինպե՞ս կարելի է ետ պահել մարդուն ինքնասպանությունից:

— Ինքնասպանության շեմին հասած մարդն ունի լուրջ, արհեստավարժ օգնության կարիք: Հաճախ ինքնասպանությունը տեսականորեն հնարավոր է լինում կանխել, սակայն անձի հարազատներն ու բարեկամները մինչև վերջին օրը խուսափում են դիմել արհեստավարժ հոգեբանի կամ հոգեբույժի օգնությանը՝ ելնելով հասարակության որոշ անգրագետ հատվածում տարածված կարծիքից կամ էլ մինչև վերջ չհասկանալով հարցի լրջությունը: Տեսականորեն՝ ինքնասպանությունները հնարավոր է կանխել 100 % -ով, եթե անձը մինչ այդ ճակատագրական օրը դիմի արհեստավարժ մասնագետի օգնությանը:

— Ինչպիսի քայլեր պետք է ձեռնարկել ինքնասպանության փորձ կատարած մարդուն միջավայրում ինտեգրելու համար։

— Նման ինտեգրացիայի լուրջ խնդիր չեմ տեսնում: Այս պարագայում արդեն հասարակությունը ըմբռնումով է վերաբերվում իրավիճակին, եղած դեպքից հետո անպայման դիմում են մասնագետի, ով օգնում է այդ ինտեգրման իրականացման գործընթացին:

Նախորդ հոդվածը‘ԼՂՀ-ում հիվանդը գողություն է կատարել բուժքույրերի պահարանից’
Հաջորդ հոդվածը‘Համայնքների ղեկավարների 33 թեկնածուներից 18-ը ինքնաբացարկի մասին դիմում են ներկայացրել ‘