‘
Քիչ առաջ Ազատության հրապարակում մեկնարկել է ԱԺ երեք ընդդիմադիր քաղաքական ուժերի կողմից կազմակերպված հանրահավաք-երթը՝ նվիրված Մարդու իրավունքների միջազգային օրվան:
Հանրահավաքը բացելով՝ ԱԺ Հայ ազգային կոնգրես խմբակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը նշեց, որ արդեն 7-րդ տարին է, որ հավաքվում ենք ավանդական՝ մարդու իրավունքների երթին մասնակցելու համար: «Այս իրադարձության խորհրդանիշն այն է, որ ժողովուրդը ինքն է իր իրավունքի տերը և ոչ ոք ժողովրդին ազատություն չի տա, եթե ժողովուրդն ինքը չվերցնի այդ ազատությունն իր ձեռքը: Ամբողջ մարդկության պատմությունը հենց դրա մասին է խոսում: Ոչ մի բռնապետ երբեք կամովին չի հանձնել իր իշխանությունը, կամովին ազատություններ չի շնորհել քաղաքացիներին, նրանք իրենք են վերցրել այդ ազատությունները»,- նշեց Զուրաբյանը:
Ապա նա անդրադարձավ այս օրերի ընթացքում իշխանափոխության կոչով հանդես եկած ազատամարտիկների դեմ իրականացված հարձակումներին:
«Երեկ մեր ազատամարտիկներ Ռազմիկ Պետրոսյանի և Մանվել Եղիազարյանի վրա ավազակային հարձակում է տեղի ունեցել՝ կազմակերպված իշխանության կողմից, այսօր այդ նույն ավազակային իշխանության հրամանով հարձակվել են մեկ այլ ազատամարտիկի՝ Սուրիկ Սարգսյանի վրա: Սա հոգեվարքի մեջ գտնվող մի ռեժիմի ստոր արարք է, և սա նորություն չէ: Հայտնի բան է, ամբողջ մարդկության պատմության մեջ բոլոր դիկտատորները երբ տեսել են, որ ժողովրդի պայքարը մոտ է հաղթական ավարտին, դիմել են այդ նույն ստոր արարքներին: Իրենք ստանալու են արժանի հակահարված, որովհետև նրանք, ովքեր այդ հանցագործությունը իրականացրել են և ովքեր տվել են հրամանը, պատասխան են տալու նոր ժողովրդական իշխանության առաջ»,- նշեց Զուրաբյանը:
‘