‘Հոգեւորական. «Ես ի՞նչ իրավունք ունեմ խոսել պետական այրերի կանանց մասին»’

1778

Հայ Առաքելական եկեղեցու տաղավար տոներին սովորաբար հայաստանյան հեռուստաընկերությունները Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից ուղիղ հեռարձակմամբ ցուցադրում են տոնական պատարագի ընթացքը: Հունվարի 6-ին՝ Սուրբ Ծննդի առավոտյան եւս արբանյակային հեռարձակման շնորհիվ ողջ աշխարհի հայությունը հնարավորություն ունեցավ ականատես լինելու պատարագի ընթացքին, որին մասնակցում էին նաեւ Հայաստանի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ՝ իրենց տիկնանց ուղեկցությամբ:

Բանն այն է, որ տեսախցիկը հեռարձակման ընթացքում մի քանի անգամ ցուցադրեց առաջին շարքում կանգնած Սերժ Սարգսյանին տիկնոջ՝ Ռիտա Սարգսյանի հետ միասին:

Տիկին Սարգսյանը, ինչպես նախկինում էլ նկատվել է, Մայր Տաճարի Սուրբ սեղանի առաջ կանգնած էր գլխաբաց:

 «Եվ ամեն կին, երբ աղոթքի կանգնի կամ մարգարեանա գլխաբաց, անպատվում է իր գլուխը. որովհետեւ այնպես է համարվում, թե իբր գլուխն ածիլված լինի.քանզի, եթե կինը քողով չի ծածկվում, թող կտրի իր մազերը։ Իսկ եթե ամոթ է կնոջ համար մազը կտրել կամ ածիլել, թող քողով ծածկվի։ Պետք չէ, որ տղամարդն իր գլուխը ծածկի, որովհետեւ նա պատկերն ու փառքն է Աստծու. իսկ կինը ի՛ր մարդու փառքն է» (Ա Կորնթ. 11:5-7, մեջբերումն ըստ http://www.armenianchurchlibrary.com կայքի):

Պողոս առաքյալի սահմանած այս կանոնը գործում է աշխարհի բոլոր քրիստոնեական եկեղեցիներում 1-ին դարից ի վեր:

Հասկանալի է, որ խղճի, կրոնական եւ սեռային ազատությունների 21-րդ դարում ոչ ոք չի կարող պարտադրել կնոջը եկեղեցի մտնել՝ գլուխը ծածկած: Մարդը, եւ կինը՝ մասնավորապես, ազատ է իր պատկերացումների համաձայն դրսեւորել իր կրոնական նախասիրությունները կամ դրանց բացակայությունը, եւ տիկին Սարգսյանին որեւէ մեկը չի կարող հանդիմանել, ասենք, եկեղեցի չայցելելու, կրոնական ծիսակատարություններին չմասնակցելու պատճառով:

Պետք է շեշտել, որ մեզ չեն հետաքրքրում Ռիտա Սարգսյանի կրոնական պատկերացումները: Դա խիստ անձնական է: Սակայն, որպես Հայաստանի քաղաքացի եւ Առաքելական եկեղեցու հետեւորդ, մենք կարող ենք հանրային դեմքերից պատշաճ վարքագիծ ակնկալել, եթե նրանք գտվում են հանրային վայրերում (տվյալ դեպքում՝ եկեղեցում), մանավանդ, երբ դա հեռարձակվում է ամբողջ աշխարհով:

Ինչպե՞ս են վերաբերում հոգեւոր այրերն այս երեւույթին: Մեկնաբանության խնդրանքով iLur.am-ը դիմեց Երեւանի Սուրբ Զորավոր Աստվածամայր եկեղեցու հոգեւոր սպասավոր Վարդան քահանա Մկրտչյանին:

«Կանանց՝ գլխաշոր կրելու ավանդույթը պարտադիր է եւ հիմնականում պահպանվում է մեր եկեղեցիներում, իսկ կանայք բավականին ուշադրություն են դարձնում և իրենց հետ բերում են գլխաշորեր: Եթե չունեն, ապա կարող են վերցնել մոմավաճառի մոտից»,- նկատեց քահանան:

Պատասխանելով այն հարցին, թե արդյոք հավատացյալ կանանց եկեղեցի մտնելուց առաջ զգուշացվո՞ւմ է, որ գլխաշոր կրեն եկեղեցում՝ Տեր Վարդանը նշեց, որ հնարավոր չէ դռան մոտ կանգնել և բոլորին զգուշացնել, թե գլխաշորով պիտի գան: «Զգուշացվում է արարողությունների՝ պատարագների, քարոզների ժամանակ, կամ երբ մոտենում են՝ Ավետարանն են համբուրում: Ոչ բոլորն են տիրապետում եկեղեցում պատշաճ պահվածքի կանոններին: Եթե տեղեկացված են լինում՝ հաճույքով կատարում են», — նշեց քահանան: 

Երբ հարցրինք բարձրաստիճան տիկնանց մասին՝ արդյոք նրանք զգուշացվու՞մ են, թե ինչպես պետք է պահեն իրենց եկեղեցում գտնվելիս, մինչ այդ մեր հարցերին բարեհաճորեն պատասխանող հոգեւորականը սրտնեղեց.

 «Պետական այրերի և նրանց կանանց մասին ես ոչինչ չեմ կարող խոսել: Ես ի՞նչ իրավունք ունեմ խոսել պետական այրերի կանանց մասին,- ասաց նա: — Եթե ես պարտադրեմ կանանց գլխաշորով մտնել եկեղեցի, ապա հաջորդ օրը ոչ ոք չի գա»:

Լեւոն Կարոյան

 

Նախորդ հոդվածը‘ԱԳՆ. Հայաստանի քաղաքացիների առաջին խումբն արդեն վերադարձել է Եգիպտոսից’
Հաջորդ հոդվածը‘Ձյունը կրկին կաթվածահար էր արել երթևեկությունը’