‘Հոլիվուդի աստղերը սոցցանցերում կարծիք են հայտնել Ֆերգյուսոնի միջադեպի մասին’

924

Միսսուրի նահանգի Ֆերգյուսոն քաղաքում սևամորթ պատանու սպանության և նրան գնդակահարած ոստիկանի նկատմամբ դատարանի արդարացման վճռի առնչությամբ զանգվածային բողոքի ակցիաներն առիթ են դարձել, որ տարբեր ռասաների ու էթնիկ պատկանելության ամերիկյան երևելիները սոցիալական ցանցերում անդրադառնան այդ միջադեպին:

Ընդ որում՝ աֆրոամերիկյան ծագում ունեցող արտիստներն ավելի հուզական են արտահայտվել: « Ի՞նչ էր արել, ինչո՞ւ նրան սպանեցին»,- Instagram-ի իր էջում գրել է ռեփ երգիչ Փի Դիդին: Նրա գրառումը «հավանել է» 54 հազար օգտատեր:

«Սևամորթի կյանքը ոչինչ չարժե: Նրանք շահագործում են մեր մոգությունը, մեր քրտինքը, մեր ձայները, մեր կրակը… Իսկ հետո զրկում են գոյության իրավունքից»,- վրդովվում է երգչուհի Սոլանժ Նոուլզը (Բեյոնսեի հարազատ քույրը) իր Twitter-յան էջում: Նա նաև նշել է, որ «ցավ ու զայրութ« է ապրում:

«Ես ինձ դավաճանված եմ զգում: Ամերիկան կորած է», գրառել է երգիչ Ուիլյամ Ադամսը, որն ավելի հայտնի է Will.i.am անունով:

Միևնույն ժամանակ՝ ոչ բոլոր հայտնի աֆրոամերիկացիներն են այն կարծիքի, որ բռնություններով ուղեկցվող բողոքի ակցիաներն իրավիճակի լուծման արդյունավետ եղանակ են: Մասնավորապես՝ «Դոգմա» և «Ոստիկանը Բևեռլի-Հիլզից-2» ֆիլմերի աստղ, դերասան Քրիս Ռոքի կարծիքով՝ «Միշտ էլ հնարավոր է սեփական իրավունքները պաշտպանել՝ առանց ցուցափեղկեր կոտրելու և ոստիկանական մեքենաներ հրկիզելու»: Ռոքը նաև տարակուսանք է հայտնել, թե ինչու աֆրոամերիկացիները բողոքի դուրս չեն գալիս փողոց, երբ մի սևամորթը մեկ այլ սևամորթի է սպանում:

Բայց ամերիկյան աստղերը վրդովված են դատարանի՝ ոստիկանին ազատ արձակելու որոշումից՝ անկախ մաշկի գույնից:

«Ուիլսոն, դու մարդասպան ես ու պիտի ամաչես: Ծնողները չպետք է թաղեն իրենց զավակներին: Մտածի՛ր այդ մասին»,- գրել է դերասան Չարլի Շինը:

«Աղոթում եմ Ամերիկայում հավասարության համար»,- իր Twitter-ում գրառել է երգչուհի Քեթի Փերին:

Դերասանուհի Միա Ֆեռոուն հասարակությանը կոչ է արել բողոքը տեղափոխել ավելի արդյունավետ հուն և հանրագիր կազմել՝ պահանջելով բողոքարկել ոստիկան Դարեն Ուիլսոնին արդարացնելու դատավճիռը: «Եկե՛ք Ֆերգյուսոն, նախագահ Օբամա, և այստեղ արտասանեք ռասայական հավասարության վերաբերյալ ձեր ճառերից մեկը»,- գրել է երգչուհին:

Փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Գերմանիայում քվոտաներ են սահմանվել կին տնօրենների համար’
Հաջորդ հոդվածը‘Ղրիմի թանգարանները դատարանով կպահանջեն վերադարձնել սկյութական ոսկու հավաքածուն’